11 փետրվարի 2020 - 14:56 AMT
ՀԱԿ-ը կողմ է Սահմանադրական փոփոխություններին. Ակտիվորեն կմասնակցեն հանրաքվեին

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը կողմ է Ազգային ժողովի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին: Ըստ ՀԱԿ-ի հայտարարության՝ «հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական Դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է», իսկ ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան կազմավորելու խնդիրը պետք է լուծվի:

«Այս փուլի համար մենք բավարար ենք համարում Ազգային Ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշումը՝ հաստատված նախագահի հրամանագրով»,- ասվում է հայտարարության մեջ:

Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

Սրանով հանդերձ՝ ՀԱԿ-ում նշել են, որ փոփոխությամբ միայն լուծվում է սահմանադրական կարգին առնչվող մասնավոր խնդիր:

«Գործող Սահմանադրությունն օրինակարգ չէ և, պահպանվելու պարագայում, այն դեռևս բազմաթիվ փորձանքներ է բերելու մեր երկրի գլխին։ Ուստի վերահաստատում ենք, անկախության ձեռքբերումից ի վեր հաստատված կառավարման մոդելի հիմքով, ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունելու մեր պահանջը և հայտարարում, որ այդ խնդրի լուծումը առաջիկա ժամանակաշրջանի համար պետք է դառնա մեր պետության օրակարգի գլխավոր հարցը»,- հայտարարել են ՀԱԿ-ում:

Կոնգրեսն ափսոսանք է հայտնել, որ ՍԴ խնդիրն իշխանությունը չի լուծել ավելի վաղ՝ մեկ տարի առաջ:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։