ՀՀ-ում առաջարկում են Ներքին գործերի նախարարություն ստեղծել

ՀՀ-ում առաջարկում են Ներքին գործերի նախարարություն ստեղծել

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի» համաձայն՝ «պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջն անհրաժեշտ է փոխել հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի»։

Ըստ նախագծի՝ ոստիկանության մասնագիտական ծառայությունը ծանրաբեռնված է ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթներով, իսկ ծառայության համար ներքին և արտաքին սպասումների և ընկալումների անհամապատասխանություն կա։

«Անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը»,- ասվում է նախագծում։

Առաջարկի համաձայն՝ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությանը, կլինեն օրենսդրական և ներքին կառուցվածքային որոշ փոփոխություններ: Նախագծով առաջարկվում է նաև քննարկել Միգրացիոն ծառայության վերակազմակերպումը:

Նախագծում նշվում է, որ «ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ»:

Նշվում է, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության միջև համեմատությունը տեղին չէ, քանի որ կառույցների առջև դրված քաղաքական և քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են։

Ըստ նախագծի՝ այս պահին «Ոստիկանության մասին» օրենքով ոստիկանության ծառայությունն իրականացվում է միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով, իսկ նման պարագայում ոստիկանության պատասխանատվության տակ են գտնվում նաև պարտականություններ, որոնք իրենց բնույթով ոչ այդքան ոստիկանական ենր։

ՀՀ-ում մինչև 2002-ը գործել է Ներքին գործերի նախարարություն, որի առաջին ղեկավարը եղել է Կառլոս Ղազարյանը, վերջինը՝ Հայկ Հարությունյանը: ՆԳ նախարարի պաշտոնն են զբաղեցրել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը:

Քննարկվող ռազմավարության շրջանակում ներկայացվում է նաև ոստիկանությանն քրեադատավարական գործառույթների հստակեցումը. մասնավորապես՝ երկարաժամկետ կտրավածքում ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահելու հարցը։

Այժմ քննչական գործողություններ իրականացնող մարմիններն են Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը:

Ըստ նախագծի՝ անհրաժեշտ է ստեղծել նաև տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն:

Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները, ըստ նախագծի՝ Պարեկային ծառայությունը կգործարկվի մինչև 2020-ի ավարտը:

Նախատեսվող փոփոխություններից մյուսը՝ ոստիկանության ապառազմականացումը, լինելու է ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությամբ: Այդ նպատակով պետք է աուդիտ արվի և կարիքների գնահատում. ոստիկանության զորքերի փոխարեն կստեղծվի ազգային գվարդիա, որը, ըստ անհրաժեշտության, կարող է մասնակցել հասարակական կարգի պահպանման աշխատանքներին, ապահովել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---