11 փետրվարի 2020 - 16:03 AMT
ՀՀ նախագահը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը բարձրացրել է վիզայի չեղարկման հարցը

Նախագահ Արմեն Սարգսյանը` հյուրընկալելով Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին, բարձրացրել է ՀՀ քաղաքացիների համար Հորդանան մուտքի վիզայի վերացման հարցը:

Արմեն Սարգսյանը կարևորել է երկու երկրի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրումը: Նա վստահություն է հայտնել, որ այն ներուժը, որին ապագայում կարող են հասնել երկու երկիրը, շատ ավելի մեծ է լինելու, քան այժմ է։

Զրուցակիցները նշել են, որ արդյունավետ գործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում: Կարևորվել է արդեն իսկ գործող ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության բացումը երկու երկրների մայրաքաղաքների՝ Երևանի և Ամմանի միջև:

Հորդանանի թագավորին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը տեսանյութ է հրապարակել հանդիպումից ֆեյսբուքյան իր էջում:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի և կապիտալի ներգրավմամբ և հավելել, որ երկիրը կարող է լավ հարթակ դառնալ հորդանանցի գործարարների համար՝ ԵԱՏՄ շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու:

Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ Հորդանանը հետաքրքրված է զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում գործակցությամբ: Կողմերը կարևորել են նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: Աբդալլահ Երկրորդը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան: