12 փետրվարի 2020 - 11:00 AMT
Գործադիրում քննարկել են ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը

Փետրվարի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը:

Անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» զեկույցին, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է։

Նշվել է՝ «Գործարարություն 2020» զեկույցում Հայաստանը հետընթաց է գրանցել՝ 2019-ի համեմատ: Հիմնական պատճառներից է «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցչի դիրքի անկումը (51-ից՝ 120-ի), ինչը պայմանավորված է Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությամբ։ Բացի այդ, Հայաստանի դիրքը բավական ցածր է «Շինարարական թույլտվություններ» և «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչներով:

Փոխվարչապետն ընդգծել է, որ անկախ ՀԲ մեթոդաբանական նորամուծություններից՝ գործարար միջավայրի բարեփոխումները պետք է իրականացվեն այնպիսի առաջանցիկ տեմպերով, որ ամեն տարի դիրքը բարելավվի:

Ավինյանի խոսքով՝ միջոցառումների իրականացման գործում գերատեսչությունները պետք է առավել ուշադիր ու հետևողական լինեն, իսկ ովքեր ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով կդանդաղեն ու աշխատանքները չեն կատարի, պետք է պատասխանատվություն կրեն:

2020-2023թթ. գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը ներառում է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ աշխատանք պահանջող գործողություններ, ինչի իրականացման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի զգալի կբարելավվի:

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019-ի ծրագիրը բաղկացած էր 51 միջոցառումից, որոնցից 26-ը կատարված են, 6-ի աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, իսկ 19-ն իրականացման փուլում են։