Ձնաբքի պատճառով ՊՆ-ն հետաձգել է զինվորների երդման արարողությունը

Ձնաբքի պատճառով ՊՆ-ն հետաձգել է զինվորների երդման արարողությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ճանապարհներին ձնաբքով պայմանավորված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը որոշել է հետաձգել զինվորների երդման արարողությունը: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) արտահերթ նիստում, որի նպատակն էր քննարկել ձնաբքի պատճառով ճանապարհներին առաջացած մեքենաների կուտակումները:

Շատերն արդեն իրազեկված են, որ տվյալ ճանապարհներն անանցանելի են, բայց քաղաքացիների մի մասը որոշել է շարունակել ճանապարհը:

Փետրվարի 11-ի երեկոյան ժամերից սկսած մինչ այժմ սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհը։ Մեքենաների կուտակումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ զինվորների ծնողները գնում են մասնակցելու երդման արարողությանը:

Նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ հանրությանը պետք է հորդորել՝ պահպանել զգուշություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների լավացումից և ճանապարհների անցանելի դառնալուց հետո, իսկ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել Սյունիքի մարզպետարան, Գորիսի և Սիսիանի համայնքապետարաններ։

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ Ճանապարհային ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը, ԱԻՆ փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

ՏԻՄ ներկայացուցիչները տեղերում շրջայցեր կկատարեն և պատրաստ կլինեն հոգալու այն քաղաքացիների մասին, որոնք մնացել են ճանապարհին ու աջակցության կարիք ունեն։

Փետրվարի 12-ին՝ ժամը 17:07-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, Սոթք-Քարվաճառը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Դժվարանցանելի է Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ճանապարհը:Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառին բուք է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---