Քաղավիացիա. ՀՀ-ից Լոս Անջելես ուղիղ չվերթի համար հոսքը բավարար չէ

Քաղավիացիա. ՀՀ-ից Լոս Անջելես ուղիղ չվերթի համար հոսքը բավարար չէ

PanARMENIAN.Net - Հայաստանից Լոս Անջելես ավիաչվերթներ իրականացնելու համար աշխատանքներ տարվում են, բայց ուղևորահոսքը բավարար չէ, իսկ շաբաթական մեկ չվերթն արդյունավետ չէ ավիաընկերության համար, հայտարարել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Աշխատանքներ տարվում են, բայց ավելի շուտ Վրաստանի հետ ենք կապի մեջ։ Հայաստանից հոսքը չի բավարարում, որ ուղիղ չվերթ կազմակերպվի։ Ավիաընկերության համար շաբաթական մեկ չվերթն արդյունավետ չէ, առնվազն 2-3 չվերթ է պետք։ Այստեղ էլ հիմնական խնդիրն այն է, որ վրացիները հետաքրքվում են Նյու Յորքի, մենք՝ Լոս Անջելեսի ուղղությամբ։ Տեսնենք՝ այս ամենն ինչի կբերի», - ասել է Ռևազյանը։

Նա նշել է նաև, որ «Տարոն Ավիա» ընկերությունը թռիչքային անվտանգության հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով որոշել է փակվել: Ռևազյանի խոսքով՝ այդ խնդիրների մասին իրեն ժամանակին չի զեկուցվել:

Ryanair բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականից մուտք է գործել հայկական ավիափոխադրումների շուկա և հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հռոմից Երևան, Միլանից՝ Երևան, իսկ ամռանից նաև՝ Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվում են նաև Գյումրիից Մեմինգեն ուղղությամբ:

Մեկ այլ բյուջետային ավիաընկերություն՝ հունգարական Wizz Air-ը հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի նաև Երևանից կիպրական Լառնակա, իսկ Ryanair-ը՝ Պաֆոս:

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 13 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---