4 դեկտեմբերի 2008 - 13:54 AMT
Եվրոպական անվտանգության համակարգը կատարելագործման կարիք ունի
Դեկտեմբերի 3-ին մենկարկեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցը Հելսինկի: Նրա առաջին հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար դեսպան Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ասպեկտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ գնտում է, որ կազմակերպությունը բարեփոխման կարիք ունի այսօրվա խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու համար: Նախարար Նալբանդյանն ու դեսպան դե Բրիշամբոն անդրադարձան նաեւ Եվրոպական անվտանգության գործող համակարգին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընգծեց, որ Եվրոպական անվտանգության համակարգը կատարելագործման կարիք ունի եւ կազմակերպության անդամ երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն այն առավել գործուն եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկեցին նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործունեության եւ դրա արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր: Հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց առաջիկայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին: