4 դեկտեմբերի 2008 - 14:05 AMT
Մայնդորֆի հռչակագրի խեղաթյուրումները Ադրբեջանի կողմից բացասաբար են անդրադառնում Ղարաբաղի շուրջ բանակցությունների վրա
Դեկտեմբմերի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում հադիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գյորան Լենմարկերի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպմանը քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բակացությունների վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը կարեւորելով նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը, նշեց, որ Ադրբեջանից հռչակագրի վերաբերյալ հնչող խեղաթյուրված մեկնաբանություններն ու փաստաթղթում ամրագրված դրույթների անտեսմանն ուղղված փորձերը վնասում են բանակցային գործընթացի արդյունավետությանը եւ առաջընթացի արձանագրմանը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես խնդիրների քննարկման գործուն ձեւաչափ: Գյորան Լենմարկերը նշեց, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը միշտ եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման միայն խաղաղ բանակցությունների միջոցով լուծման կողմնակից:

Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում ընդունվեց հռչակագիր ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տնտեսական զարգացման եւ տարածաշրջանում համակողմանի համագործակցության համար: