Փաշինյանը՝ Բեռլինում. ՍԴ-ն կուսակցականացված է, ինչն անընդունելի է

Փաշինյանը՝ Բեռլինում. ՍԴ-ն կուսակցականացված է, ինչն անընդունելի է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին: Նա հայտարարել է, որ ՍԴ-ն կուսակցականացված է, ինչն անընդունելի է:

«Այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ամբողջ օրակարգը ՀՀ-ում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է: Եվ այդ կուսակցությունը այն կուսակցությունն է, որը Հայաստանի Հանրապետությանն առաջնորդել է դեպի կոռուպցիոն համակարգ և որը այսօր, ըստ էության, երազում է Հայաստանում ժողովրդավարության ձախողումը», - նշել է Փաշինյանը՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ հանդիպմանը։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը երկար ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկվող դատական համակարգի պայմաններում:

«Մեր խնդիրն է ոչ թե վերահսկողություն հաստատել դատական համակարգի վրա, այլ ստեղծել երաշխիքներ, որ երկրում կա իսկապես անկախ և անկողմնակալ դատական համակարգ, որը չի գտնվում ոչ միայն կառավարության, այլև որևէ այլ արտաքին, ներքին ուժի ազդեցության ներքո»,- ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ հարցը դրվել է համաժողովրդական հանրաքվեի:

«Այդ հանրաքվեով մենք առաջարկում ենք հետևյալը. ՍԴ այն անդամների, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ առաջադրված պայմաններին և պահանջներին, լիազորությունը դադարեցվի և մենք կունենանք նոր, մեր Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան... սա նշանակում է, որ հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն ՍԴ թեկնածուներ, և մենք կունենանք մեր Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան»,- ասել է Փաշինյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---