Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներին «Սպորտ եւ խաղաղություն» Միջազգային կազմակերպության մրցանակ է շնորհվել

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարներին Մոնակոյում գործող «Սպորտ եւ խաղաղություն» Միջազգային կազմակերպությամբ հատկացված «Peace and Sport Image of the Year Award» ամենամյա մրցանակ է շնորհվել: Կազմակերպության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սպորտի միջնորդությամբ նորմալ հարաբերությունների հաստատման լավագույն օրինակի համար շնորհվում է այն լուսանկարին, որում պատկերված է Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի պատմական ձեռքսեղմումը երկու երկրների ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, որը կայացել է Երեւանում: Շնորհակալություն Ֆուտբոլին, քանի որ այդ պահը վերջ դրեց գրեթե երկու տասնամյակ շարունակված դիվանագիտական լռությանը»,- ասվում է Կազմակերպության հայտարարության մեջ:



Ֆուտբոլի թուրքական ֆեդերացիայի նախագահ Մահմուտ Օզգեները, Թուրքիայի նախագահի փոխարեն ստանալով մրցանակը Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդից, հայտնել է, որ Աբդուլլա Գյուլի պատմական այցը Երեւան ապացուցեց, որ սպորտը ուժեղ գործիք է, որը մտերմացնում է մարդկանց եւ խաղաղություն ապահովում աշխարհում, հաղորդում է Անատոլիական տեղեկատվական գործակալությունը:



Գործելով Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի հովանավորությամբ` «Սպորտ եւ խաղաղություն» կազմակերպությունը ձգտում է աղքատ վայրերում բնակվող մարդկանց հնարավորություն ընձեռել ստանալու կրթություն եւ սպորտով զբաղվելու: Կազմակերպության խնդիրն ու կարգախոսն է` ողջ աշխարհում մարդկանց եւ հասարակություններին հաղորդել սպորտին հատուկ խաղաղության եւ արդարության արժեքները:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Երեւան էր ժամանել սեպտեմբերի 6-ին` համատեղ դիտելու երկու երկրների ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---