8 դեկտեմբերի 2008 - 15:04 AMT
Թմրանյութերի շրջանառությունը Հայաստանում նվազագույն է
Հայաստանը «Կանալ» օպերացիային մասնակցող այն եզակի երկրներից է, որտեղ թմրանյութերի շրջանառությունը նվազագույնն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տոկսատին Բուզուբաեւը: «Բարեբախտաբար, Հայաստանը հեռու է գտնվում թմրանույթերի թրաֆիկինգի հիմնական ուղիներից: Այս տարի Հայաստանում առգրավվել է ընդամենը 1 կգ թմրանյութ, ընդհանուր առմամբ 2 տարվա ընթացքում` 12 կգ: Սակայն «Կանալ» օպերացիայի արդյունքում ընդհանուր առմամբ առգրավվել է շուրջ 30 տոննա թմրանյութ»,-ասել է Բուզուբաեւը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանում գրանցվել է ապօրինի ներգաղթողների ամենափոքր թիվը: «Անցյալ տարի ՀՀ տարածքում հայտնաբերվել է ընդամենը 160 ապօրինի ներգաղթյալ, ինչը, բնականաբար, չի ազդում պետության անվտանգության վրա: Համեմատության համար` Ղազախստանում ապօրինի ներգաղթյալների թիվը կազմել է 75 հազար, որոնցից շուրջ 2000 արտաքսվել են»,-ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը: