Ջորջ Բուշն իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում: ԱՄՆ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Լորան ու ես մեր վշտակցությունն ենք հայտնում 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններին պատուհասած հուժկու Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ: Այս աղետին զոհ գնաց 25000 մարդ, իսկ հազարավոր մարդիկ մնացին անօթեւան: Այսօր, 20 տարի անց, մենք վերստին հիշում ենք Ամերիկայի ու Հայաստանի ամուր կապերն ու հայ ժողովրդի աննկուն ոգին: Հայ ժողովուրդը կարողացավ վերապրել այս ողբերգությունը եւ ճանապարհ հարթել դեպի պայծառ ապագա` լեցուն հույսով ու հնարավորություններով: Եռանդագին աշխատանքի ու միջազգային հանրության, այդ թվում եւ Միացյալ Նահանգների օգնությամբ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց իր անկախությունը: Այսօր մեր ժողովուրդները քայլում են կողք կողքի` ձգտելով խաղաղության, բարեկեցության ու ազատության հանուն մեր երկրների քաղաքացիների ու ողջ աշխարհի»,-ասվում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղերձում:



Ուղերձում նաեւ ասվում է. «Ես միանում եմ իմ բոլոր ամերիկացի հայրենակիցներին ու բոլոր հայերին` հիշատակի տուրք մատուցելու այս ազգային ողբերգության տարելիցի առիթով: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհ գնացին աղետին ու մեր լավագույն մաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ հայերին այս պահին, երբ դուք հիշում եք Ձեր սիրելիներին ու այն դժվարությունները, որ հաղթահարել եք: Թող Աստծո օրհնությունը Ձեզ ուղեկից լինի»,-ասվում է Ջորջ Բուշի ուղերձում:



1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակն ու Լենինականը (այժմ Գյումրի); Երկրաշարժից տուժեցին 21 քաղաք ու շրջան, 350 գյուղ, որնցից 60-ը` ամբողջովին քանդվեցին: 25 հազար մարդ զոհվեց, շուրջ 100 հազարը վիրավորվեցին, եւ շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկվեց տանիքից:



Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների թվին է դասվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---