9 դեկտեմբերի 2008 - 13:56 AMT
Բաց նամակ Գյուլին. Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին անհրաժեշտ է թուրք ժողովրդին
Հայ մտավորականության ներկայացուցիչները բաց նամակ են ուղղել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Վերջին իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությունը, Ձեզ Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի համարձակ քայլն ու կայացած հանդիպումը կրկին հաստատում են, որ Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը պահանջում է խիզախ եւ իրապաշտ լուծումներ: Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց Ցեղասպանության կնճռոտ հարցի առջեւ:

Անկեղծորեն ընդունենք` այս հարցը բաժանել է երկու ժողովուրդներին 1915 թվականից ի վեր: Այն խռովել է հայերի եւ թուրքերի հավաքական գիտակցությունը եւ պայմանավորել մեր քայլերը` անկախ ամենօրյա քաղաքականության բազմապիսի հրամայականներից:

Պարոն Նախագահ, այս դեպքում գործ ունենք մարդկության դեմ գործադրված ահռելի ոճիրի հետ, որն անժամանցելի է: Սա ոչ միայն համայն հայ ժողովրդի ընդհանրական պահանջատիրությունն է, այլեւ` համաշխարհային հանրության արդար ակնկալությունը: Հայոց Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության եւ ներկա քաղաքակրթական արժեքների դեմ, եւ որեւէ անհատ, կազմակերպություն, անգամ պետական իշխանություն ի զորու չէ հարցականի տակ առնել կատարվածը:

Մենք բոլորս պետք է ընդունենք այն փաստը, որ Օսմանյան Թուրքիան է հայ ժողովրդի դեմ գործադրված զանգավածային կոտորածի մեղավորը, իսկ ներկայիս թուրք պետությունը ժառանգաբար պատասխանատու է այդ արարքի համար: Թուրքիայի ընթացիկ դիվանագիտությունը եւ քարոզչական մեքենան չեն կարող փակել մեր հավաքական պատմության մռայլ էջը:

Մեր երկու ժողովուրդների պատմական հիշողությունը շատ խորն է եւ անհանգիստ, հեշտ լուծումներ գոյություն չունեն: Թուրքիայի ղեկավարության Ձեր սերունդը պետք է ընդունի անհերքելի ճշմարտությունը եւ ճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը: Կարծում ենք` սա առաջին հերթին հենց թուրք ժողովրդին է անհրաժեշտ: Այդպիսով նա կազատվի պատմության բեռից եւ բաց ճակատով կկանգնի մյուս պետությունների կողքին: Միայն այդպես է հնարավոր փակել այս էջը եւ համարձակ քայլ անել դեպի ապագա: Միայն այս դեպքում կկայանա մեր երկու ժողովուրդների անկեղծ երկխոսությունը եւ ցանկալի իրական հաշտության գործընթացը:

Հայաստան կատարած Ձեր այցը եւ Կովկասում ընդհանուր կայունությանը նպաստելուն ուղղված Թուրքիայի նախաձեռնությունը որոշ հույս են ներշնչում, որ Թուրքիայում աստիճանաբար իրատեսական քաղաքական հոսանք է ձեւավորվում, բայց այս ճիգերը կարող են հեշտորեն ոչնչանալ, եթե պետությունը չդիմի վճռական քայլերի` մեկ անգամ եւ ընդմիշտ վերջ տալով Հայոց Ցեղասպանության մերժման իր այսօրվա քաղաքականությանը»: