Կիրո Մանոյան. Թուրքիա-Հայաստան նորմալ հարաբերություններն անհրաժեշտ են ինչպես Երեւանին, այնպես էլ Անկարային

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին խոչընդոտում են նախնական պայմանները` Երեւանին Անկարայի կողմից առաջադրված: Թուրքական կողմի նման մոտեցումը ոչնչի չի հանգեցնի: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է կարեւոր դեր խաղալ Կովկասում, ապա պետք է անի ամեն ինչ, որպեսզի Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենա: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատի» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:



Մանոյանի խոսքերով, Երեւանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը եւ ՀՀ արգելափակման դադարեցումն անհրաժեշտ է Թուրքիային նույնքանով, որքանով որ Հայաստանին: «Պաշտոնական Երեւանն իր առջեւ խնդիր չի դնում կատարել Անկարայի պայմանները, Հայաստանն արդեն արել է առաջին քայլը»,- հայտնել է Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով, վերջերս Հայաստանի արտաքին քաղաքականությունը մի փոքր ավելի ակտիվ է դարձել, բայց դեռեւս նկատվում է հայկական կողմի պասիվությունը Թուրքիայի հակահայկական քարոզչության դեմ պայքարի հարցում:



«Եթե համեմատենք Սերժ Սարգսյանի քաղաքականությունը այն քաղաքականության հետ, որը վարում էր հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, ապա կարելի է ասել, որ բովանդակության առումով առանձնապես փոփոխություններ չկան: Բայց փոփոխություններ կան հարաբերությունների կարգավորման միջոցների հարցում եւ չի բացառվում, որ դրանք կարող են անդրադառնալ նաեւ բովանդակության վրա»,- նշել է Մանոյանը` ընդգծելով, որ Հայաստանը, ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, այնպես էլ հիմա շարունակում է հայտարարել այն մասին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանրապետության արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունն է հանդիսանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---