Զասը՝ Բաքվին զենք վաճառելու մասին. ՀԱՊԿ-ի շրջանակում չի վաճառվում, երկկողմ ձևաչափ է

Զասը՝ Բաքվին զենք վաճառելու մասին. ՀԱՊԿ-ի շրջանակում չի վաճառվում, երկկողմ ձևաչափ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանին զենքի վաճառքը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից իրականացվում է երկկողմ ձևաչափով և չի խախտում կազմակերպության անդամ երկրների պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ մեկնաբանելով կազմակերպության անդամների կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին:

«ՀԱՊԿ և Ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագրի շրջանակում ոչ մի զենք թշնամական քաղաքականություն վարող [ինչպես հասկանում եմ՝ ենթադրվում է Ադրբեջանը] երկրների չի առաքվում, դա բացառված է»,- ասել է Զասը՝ պատասխանելով Երևանում լրագրողների հարցերին, գրում է Sputnik Արմենիան:

Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների, մասնավորապես, Բելառուսի և Ռուսաստանի, երկկողմ հարաբերություններին Ադրբեջանի հետ, Զասն ասել է, որ միջազգային պաշտոնյա է, և սխալ կլիներ մեկնաբանել այդ հարցը:

«Որքան տեղյակ եմ, դա չի խախտում այդ պետությունների պարտավորություններն ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ՝ միջազգային ձևաչափում»,- ասել է Զասը:

Բելառուսը ներկայացնող Ստանիսլավ Զասը ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հունվարի 1-ին:

10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել: Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն: Մինսկը նաև առաքել է 60 միավոր ԶՀՄ-70 և անհայտ քանակի «Սկիֆ» հակատանկային համալիրներ: Բելառուսը նաև Ադրբեջանի համար կազմակերպել է ռազմական նշանակության բելառուսական ավտոմեքենաների՝ ՄԱԶ6317 և ՄԱԶ 5317-ի հավաքում: 2018-ի աշնանը հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---