9 դեկտեմբերի 2008 - 16:06 AMT
Կիրո Մանոյան. Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջնական փաստաթղթի ստորագրումը մի քանի տարվա խնդիր է
«Եթե մոտակա ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը համաձայնագիր ստորագրեն հակամարտության կարգավորման սկզբունքներով, ապա անհրաժեշտ է, որպեսզի այդ սկզբունքները ներկայացվեն Հայաստանի եւ ԼՂՀ հասարակությանը»,- այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է «Հայ Դատի» գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Ինչպես հաղորդել է Մանոյանը, ղարաբաղյան հակամարտության հարցում ՀՅԴ կուսակցության դիրքորոշումը հետեւյալն է. հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, պետք է ստորագրվի հաշտության պայմանագիր, ցանկացած փոխադարձ զիջումները պետք է շատ կշռադատված եւ հավասարազոր լինեն, ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացին` որպես հակամարտության կողմ, հստակ պետք է որոշվի ԼՂՀ կարգավիճակը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն, եւ պետք է լուծվի հայ փախստականների հարցը:

«Հայ Դատի» գրասենյակի ղեկավարի կարծիքով, կողմերն ու համանախագահները դեռեւս չեն շտապում վերջնականապես լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների կողմից ներկայացված հայտարարության մեջ պարզ ասվում է, որ մոտակա ամիսների ընթացքում հակամարտության լուծման սկզբունքներով համաձայնագիր կստորագրվի, եւ միայն հետո այդ սկզբունքների հիման վրա կստորագրվի վերջնական հաշտության պայմանագիրը: Այսինքն, նախքան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջնական փաստաթղթի ստորագրումը կարգավորման գործընթացում զգալի փոփոխություններ չեն սպասվում»,- ընդգծել է Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջնական փաստաթղթի ստորագրումը մի քանի տարվա խնդիր է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք Համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի Արտգործնախարարներս եւ փոխնախարարներս, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ ենք անում օգտագործել 2008թ. նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հանդիպման արդյունքում առաջացած կառուցվածքային ու դրական իմպուլսը: Նույն օրը ստորագրված Մոսկովյան հռչակագիրը նոր եւ խոստումնալից փուլ բացեց Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մեր ընդհանուր ձգտման համար: Այդ հռչակագրում նախագահները հաստատում են իրենց հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելուն Մինսկի խմբի Համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում եւ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ նախորդ տարում Մադրիդում փոխանցված իրենց առաջարկների հիման վրա համագործակցության արդյունքում Համանախագահների մշակած հիմնավոր սկզբունքների հիման վրա:

Մենք կողմերին կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ ջանքեր նախաձեռնել մոտակա ամիսների ընթացքում կարգավորման հիմնավոր սկզբունքների համաձայնեցման ավարտի համար եւ հետո անցնել այդ համաձայնեցված հիմքի վրա համապարփակ հաշտության պայմանագրի նախագծի կազմմանը:

Մոսկովյան դրույթներին համապատասխան մենք նաեւ կոչ ենք անում կողմերին Համանախագահների հետ միասին անցնել վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը` սկսած քաղաքացիական անձանց եւ զինծառայողների կյանքերի պահպանության նպատակով հակամարտության կողմերի առաջնային դիրքերից դիպուկահարների հեռացումից, ինչպես դա արդեն առաջարկվել էր կողմերի ղեկավարությանը մեր միջնորդների կողմից 2008թ. նոյմեմբերի կեսերին նրանց վերջին տարածաշրջանային ուղեւորության ժամանակ: Կողմերին չափազանց կարեւոր է վստահության ամրապնդման համար այդ եւ այլ միջոցներով կրակի դադարեցման օրակարգի կայունացման նպատակով աշխատել միմյանց, Համանախագահների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի հետ:

Մենք կրկին հաստատում ենք, որ մեր հստակ կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ կողմերին կոչ ենք անում հաստատել իրենց հավատարմությունը խաղաղ կարգավորմանը»: