Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

PanARMENIAN.Net -

Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքն է գրանցվել, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին` Թեհրանից։

«Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին», - նշել է նա։

Պացիենտի կնոջ թեստի պատասխանը, ըստ վարչապետի, բացասական է, նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։

«Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Նշեմ նաև, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես և նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ և չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։

Թեհրանում և օդանավի մեջ բոլորը ուղևորները եղել են դիմակներով, օդանավից և օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։

Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձեւակերպել է պացիենտի եւ նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով և բժշկական ձեռնոցներով։

Այն տաքսիները, որոնցով պացիենտը օդանավակայանից տուն և տնից հիվանդանոց են եկել՝ կհայտնաբերվեն և նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի։ », - նշել է Փաշինյանը։

Լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կքննարկի Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը։ Վարչապետի առաջարկը լինելու է երթը չեղարկել։

Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիս կհրավիրի և կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը։

«Կոչ եմ անում պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաև կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները», - գրել է վարչապետը։

Փետրվարի 28-ին Թեհրանից ժամանել էր հերթական և, կարծես, վերջին ինքնաթիռը` ՀՀ 82 քաղաքացիով, հայտնել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել էր, որ ուղևորներին ուղեկցել էր ԱՆ մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։

«Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ», - նշել էր նախարարը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---