3 մարտի 2020 - 14:22 AMT
Նիդերլանդներում սկսվել է Ուտրեխտում 4 մարդու սպանած թուրք հանցագործի դատը

Մարտի 2-ին Նիդերլանդներում մեկնարկել է 2019-ին Ուտրեխտ քաղաքի տրամվայում 4 մարդու սպանած Գյոքմեն Թանըշի դատավարությունը:

38-ամյա տղամարդըԹուրքիայից է, նա մեղադրվում է ահաբեկչական բնույթի սպանություններ կատարելու և ահաբեկչական սպառնալիքների համար, գրում է Interfax.az-ը՝ DutchNews-ին հղումով:

2019-ի մարտի 18-ին Թանըշը կրակ էր բացել Ուտրեխտի տրամվայում, որի հետևանքով 3 մարդ մահացավ, ևս մի քանիսը վիրավորվեց:

Հարձակվողը հայտնաբերվեց և ձերբակալվեց հարձակումից 7 ժամ անց: Մարտի վերջին մահացավ վիրավորներից մեկը՝ 74-ամյա մի տղամարդ:

Թանըշը խոստովանել է մեղքն ու ասել, որ միայնակ է գործել: Ակնկալվում է, որ դատավճիռը կկայացվի մարտի 20-ին:

Դատարանը Թանըշին փաստաբան էր տրամադրել, երբ հոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվեց, որ նա ցածր մտավոր աշխատունակություն ունի և ցածր պատասխանատվություն: Մեղադրյալը հայտարարեց, որ չի ճանաչում Նիդերլանդների դատարանը և հրաժարվում է իրավական պաշտպանությունից:

Ըստ թուրքական «Հյուրիեթի»՝ Թանըշը ժամանակին մասնակցել է մարտական գործողություններին Չեչնիայում: Բացի այդ նրան մի քանի անգամ ձերբակալել են «Իսլամական պետությանը» հարելու համար: