7 վիրավորով ՃՏՊ-ի մասով քրգործ չի հարուցվի

7 վիրավորով ՃՏՊ-ի մասով քրգործ չի հարուցվի

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Երևանի Իսակովի պողոտայում 7 մարդու վնասվածքների պատճառ դարձած ՃՏՊ-ի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու որոշումը մերժվել է, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Փետրվարի 5-ին բաժվել էին «Հոնդա» ավտոմեքենան և թիվ 99 երթուղու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը:

Ըստ Աբրահամյանի՝ որոշումը կայացվել է՝ նկատի ունենալով, որ ՃՏՊ-ի հետևանքով 7 քաղաքացու ստացած մարմնական վնասվածքները թեթև էին, կամ թեթևի հատկանիշներ չպարունակող, այսինքն՝ քրեաիրավական հետևանքեր չեն եղել։

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, սակայն, որ միկրոավտոբուսի վարորդը դեպքի պահին եղել է ալկոհոլային հարբածության վիճակում։

Բացի այդ, վերջինիս վարորդական իրավունքի վկայականի ժամկետը 04․12․2019-ին լրացել է և օրենքով սահմանված կարգով չի երկարացվել, այսինքն՝ վարորդական իրավունք չի ունեցել։

Այս փաստերով ՃՈ-ում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում կլուծվի անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Այն հանգամանքը, որ երթուղայինը վարող անձը վարորդական իրավունքի վավեր վկայական չի ունեցել, առերևույթ վկայում է նաև երթուղին սպասարկող կազմակերպության ծառայողների կամ վերջինիս գործունեության նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման մեջ թերանալու, ոչ պատշաճ կատարելու մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»,- նշել է Աբրահամյանը:

Միջնորդագրով բարձրացվել է վարորդական իրավունքի վկայական չունեցող, դրա գործողության կասեցված կամ ժամկետը լրացած անձանց կողմից հանրային տրանսպորտի շահագործումը, ինչպես նաև ոչ սթափ վիճակում այն վարելը, երթուղի իրականացնելու դեպքերը բացառելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու և իրականացված միջոցառումների արդյունքների մասին Երևանի դատախազությանը հայտնելու խնդիրը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---