Լրագրող Լյուսի Քոչարյանը՝ ԱՄՆ Պետդեպի Women of Courage մրցանակի դափնեկիր

Լրագրող Լյուսի Քոչարյանը՝ ԱՄՆ Պետդեպի Women of Courage մրցանակի դափնեկիր

PanARMENIAN.Net - Հայ լրագրողուհի և բլոգեր Լյուսի Քոչարյանը դարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage (Կանանց՝ խիզախության համար) մրցանակի դափնեկիր: Նա առաջին հայուհին է, որ արժանանում է այդ մրցանակին:

Քոչարյանը հայտնվել է ցուցակում՝ շնորհիվ #բռնության_ձայնը շարժման, որն ի հայտ եկավ սոցցանցերում 2019-ին և որի շրջանակում հայուհիները, հիմնականում չհրապարակելով անունները, պատմում էին իրենց հանդեպ սեռական բնույթի բռնության մասին: Շատերն իրենց պատմություններն ուղարկում էին Քոչարյանին, որն էլ հրապարակում էր դրանք իր էջում:

Նա նաև բազմիցս անդրադարձել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների և գենդերային անհավասարության թեմաներին:

Ընդհանուր առմամբ, մրցանակի դափնեկիր է դարձել 12 կին՝ նրանք ներկայացվել են մրցանակի տարբեր նախաձեռնությունների համար: Այդպես, օրինակ, Բուրկինա Ֆասոյի ներկայացուցիչ Քլեր Աուեդրագոն հիմնել է մի կազմակերպություն, որը պայքարում է կանանց թլպատման դեմ, նպաստում նրանց իրավունքների ընդլայնմանը:

Աֆղանստանի ներկայացուցիչ Զարիֆա Ղաֆարին պարգևատրվել է կանանց հասցեագրված ռադիոկայանի հաջող գործարկման համար: 26 տարեկանում նա դարձել է պահպանողական քաղաքի քաղաքապետ՝ այդ պաշտոնում նա շատ դժվարությունների է հանդիպել, քանի որ տեղի տղամարդիկ սովոր չէին ղեկավար պաշտոններում կանանց տեսնել:

Զիմբաբվեից Ռիտա Նյամպինան իրավապաշտպան գործունեություն է ծավալում արդեն 35 տարի՝ պայքարելով գենդերային հավասարության համար իր աշխատատեղում: Նա նաև իր հմտությունն է փոխանցում ղեկավար պաշտոններ զբաղեցնող աղջիկներին և երիտասարդ կանանց:

Մրցանակի են արժանացել նաև Ամայա Քոփինսը Նիկարագուայից, Ջալիլա Հեյդերը Պակիստանից, Սուսաննա Լյուն Մալայզիայից, Շահլա Հումբատովան Ադրբեջանից, Խիմենա Գալարզան Բոլիվիայից, Յասմիին Ալ Քադին Եմենից, Ամինա Հուլանին Սիրիայից, Սայրագուլ Սայուտբեյը Չինաստանից:

ԱՄՆ Պետդեպի կայքի համաձայն՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը մարտի 4-ին է, այն անցկացնելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթով հանդես կգա նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը:

2007-ի մարտից ի վեր, երբ սահմանվել է մրցանակը, ԱՄՆ Պետդեպարտամենտը 73 երկրից 134 կնոջ է պարգևատրել: 2020-ի հետ միասին դափնեկիրների ընդհանուր քանակը կկազմի 146 կին 77 երկրից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---