Չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերն ավելացել են մոտ 55%-ով

Չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերն ավելացել են մոտ  55%-ով

PanARMENIAN.Net - Չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերն ավելացել են մոտ 55%-ով, ասել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Նա ներկայացրել է հարկային ոլորտում 2019-ին կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները: Թամազյանը տեղեկացրել է, որ 2019-ի դեկտեմբերին հարկման բազա (հարկման ենթակա եկամուտներ) ապահոված աշխատատեղերը կազմել են մոտ 629,000, ինչը 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի է մոտ 7%-ով (41,000-ով), իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ մոտ 16%-ով (88,000-ով):

2019-ին աճել են ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումները: Մասնավորապես՝ ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են մոտ 14%-ով:

Թամազյանը հավելել է նաև, որ 2020-ին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել մոտ 32,000 սուբյեկտ: Շարունակական վերլուծությունների արդյունքում արդեն իսկ ռիսկային է դիտարկվել մոտ 1150-ը: Նրանց մոտ արձանագրվել են որոշակի ռիսկեր:

2019-ին հարկային մարմնում ներդրվել է նոր մոտեցում. նախքան համալիր հարկային ստուգումներ սկսելը, իրականացվում է հարկ վճարողի գործունեության մանրամասն վերլուծություն, առկա ռիսկերի մասով կազմվում է հարցաշար, տրամադրվում ստուգող տեսուչներին: Գործընթացի շրջանակում 418 դեպքով նախաստուգումային վերլուծությամբ ի հայտ եկած ռիսկերը հաստատվել են, որի արդյունքում առաջացել է 3.7 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն:

Դեռևս 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ։ Նա ասել էր, որ 2019-ի հունվարին ՀՀ-ում արձանագրվել է 562, 043 աշխատատեղ, 2018-ին՝ 511, 902։ 2019-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, գրանցվել է աշխատատեղերի աճ 50, 141-ով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---