ՀՔԾ. Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել՝ գույքի վատնման գործով

ՀՔԾ. Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել՝ գույքի վատնման գործով

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար, PanARMENIAN.Net ին ասաց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեղադրական հոդվածի համաձայն՝ արարքը պատժվում է 5-8 տարով ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քրգործն առնչվում է «Ձորա ՀԷԿ» ՓՀԷԿ-ի մասնավորեցմանը 2010-ին։ Դրա ընթացքում ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա մոտ 4․646 մլրդ դրամ շուկայական արժեքով ամբողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին է իրացվել իրական արժեքից մոտ 1․046 մլրդ դրամ (ԿԲ տվյալ օրվա՝ մոտ 361 ՀՀԴ $1 դիմաց փոխարժեքով՝ համարյա $2.9 մլն՝ խմբ․) պակաս գումարով:

Ինքն Օհանյանը հերքում է մեղադրանքը։

ՊՆ նախկին ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավված նաև Մարտի 1-ի գործում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---