Genesis-ը կվերամիավորվի և համերգային շրջագայության կմեկնի

Genesis-ը կվերամիավորվի և համերգային շրջագայության կմեկնի

PanARMENIAN.Net - Genesis ռոք խմբի անդամները կվերամիավորվեն և համերգային շրջագայության կմեկնեն Բրիտանիայի և Իռլանդիայի քաղաքներով: Վերջին անգամ խումբը միասին ելույթ է ունեցել 13 տարի առաջ:

Թոնի Բենքսը, Ֆիլ Քոլինզը և Մայք Ռեզերֆորդն իրենց ծրագրերի մասին պատմել են BBC Radio 2 ռադիոկայանի եթերում:

«Սա բնական իրավիճակ է, կարծում եմ: Մենք լավ ընկերներ ենք, բոլորս ողջ-առողջ ենք և ահա մենք այստեղ ենք»,- ասել է Բենքսը, գրում է BBC-ն:

Շրջագայության ժամանակ խմբին կմիանա Ֆիլ Քոլինզի 18-ամյա որդին՝ Նիկոլասը: Նա կզբաղեցնի հոր տեղը հարվածայինների մոտ: Համերգներին չի մասնակցի խմբի հիմնադիրներից ևս մեկը՝ Պիտեր Գեբրիելը, որը հեռացել է Genesis-ից 1975-ին: Կիթառահար Սթիվ Հենքսը նույնպես չի մասնակցի նախագծին:

Համերգային շրջագայությունը կկոչվի «Վերջին դոմինո»: Այն կմեկնարկի Դուբլինից՝ նոյեմբերի 16-ի համերգով:

Genesis բրիտանական ռոք խումբը ստեղծվել է 1967 թվականին և սկզբնապես պատկանում էր պրոգրեսիվ ռոք ուղղությանը։ Խումբն արժանացել է Գրեմմի մրցանակի։ Ամբողջ աշխարհով մեկ վաճառվել է ավելի քան 150 մլն ալբոմ (որոնցից մոտ 22 մլն-ը՝ ԱՄՆ-ում), և այդ ցուցանիշով մտնում է բոլոր ժամանակների Top 30-ի մեջ: Առավել հայտնի մասնակիցները՝ Պիտեր Գեբրիելը և Ֆիլ Քոլինզը, հետագայում հաջող սոլո-կարիերա են ունեցել։

 Ուշագրավ
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
---