10 դեկտեմբերի 2008 - 16:09 AMT
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանի ապագան բավական աղոտ է
Կասպիական նավթի բաժինը համաշխարհային պաշարների 4% է կազմում, իսկ գազինը` 7%, ինչը ակնհայտորեն բավարար չէ` խոսելու «անթիվ-անհամար» հարստությունների մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Փարիզում Մարտավարական հետազոտությունների ֆոնդի նախագահ, դոկտոր Պետրոս Թերզյանը: Նրա խոսքերով, նավթի համաշխարհային պաշարների 2/3 կենտրոնացած է Մերձավոր Արեւելքում, որը հանդիսանում է բարձր ռիսկի գոտի: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ձեռք բերված տվյալների համաձայն նա ունի 7 մլրդ. բարրել նավթ, Թուրքմենիան` 1 մլրդ., իսկ Ղազախստանը` 40 մլրդ. բարրել: Առանց ղազախստանյան նավթի Կասպիական տարածաշրջանից Եվրոպա տանող ոչ մի նավթամուղ շահութաբեր չէ: Արեւմուտքում ընդունված է գտնել, որ Կասպիայի նավթը շատ կարեւոր է, բայց միայն մեկ պայմանի դեպքում` եթե նավթամուղներով արտահանվի ղազախստանյան նավթը, մասնավորապես Քաշագան հանքավայրից, որը շարքի մեջ կմտնի 2012թ.: Դրա հետ մեկտեղ Ղազախստանը նավթի երթուղիների լայն ընտրանի ունի, ինչը չենք կարող ասել Բաքվի մասին: Ղազախստանի խողովակաշարերը կարող են գնալ ՌԴ, Չինաստան, Պարսից ծոց եւ, վերջապես, Բաքու»,- ընդգծել է Թերզյանը:

Դրա հետ մեկտեղ ֆրանսիացի փորձագետը համոզված է, որ 10 տարի անց Ազերի, Շիրագ եւ Գյունեշլի հանքավայրերի նավթը Ադրբեջանում գրեթե արտահանված կլինի, եւ 2015թ. այդ երկրում ածխաջրածինների արտադրության անկում կսկսվի: «Հիմա Բաքուն օգտվում է այն բանից, որ դեռեւս որոշված չէ Կասպիայի կարգավիճակը, բայց դա ժամանակավոր երեւույթ է: Ներկայումս արդեն նավթարդյունահանման եկամուտը հավասար է Ադրբեջանի պետական պարտքին, եւ այդպես երկար չի կարող շարունակվել: Բաքուն կարող է առաջ մղվել նավթի բարրելի համար $100 գնի դեպքում, բայց դա մոտ հեռանկարներում քիչ հավանական է»,- ասել է Պետրոս Թերզյանը` ավելացնելով, որ Բաքվի հանքավայրերի մշակման գործում մեծ դեր է խաղում British Petroleum-ը (bp): Բայց, նրա խոսքերով, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանի ապագան բավական աղոտ է երեւում: