ԱՆ. Ամուսնացողներն առողջ վերարտադրության ապահովման փաթեթ կստանան

ԱՆ. Ամուսնացողներն առողջ վերարտադրության ապահովման փաթեթ կստանան

PanARMENIAN.Net - Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ Առողջապահության նախարարության ֆինանսավորումը 2020-ին կավելանա 1.9 մլրդ դրամով, որոշել են Կառավարությունում:

Առողջապահական գործոնով պայմանավորված՝ ծնելիության բարելավման նպատակով մշակված 2020-2023թթ. միջոցառումների ծրագրով նախատեսվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ անպտղության բուժման և խնդրի հաղթահարման:

Ներկայումս յուրաքանչյուր 6-7-րդ ամուսնական զույգ Հայաստանում անպտղություն և նպատակային միջամտության կարիք ունի: 2019-ին պետբյուջեով անպտուղ զույգերի բուժման և հաղթահարման ծրագրի ֆինանսավորման ավելացմամբ՝ շահառուների թիվը կեռապատկվի. ակնկալվող արդյունքը` առնվազն 350 նորածնի ծնունդ:

ԱՆ-ից հայտնում են, նախատեսվում է ներմուծել առողջության հավաստագիր նոր ամուսնացող զույգերի համար, որը կարող է տրվել նրանց ամուսնանալու դիմում ներկայացնելիս` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալությունում:

Հավաստագրով ամուսնացող զույգը կստանա առողջ վերարտադրության ապահովման, մինչ հղիութունն անհրաժեշտ խորհրդատվությունների ու հետազոտությունների փաթեթ:

Ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիաների գնահատում, ախտաբանական շեղումների վաղ հայտնաբերում և բուժում, անպտղության նվազեցում, ինքնաբեր վիժումների, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերությունների քանակի նվազեցում մինչև 10%, որի արդյունքում առնվազն 250 երեխայի ծնունդ կգրանցվի:

Նախարարությունից հայտնել են նաև, որ ընդլայնվել է դեռահասների առողջության բարելավմանն ուղղված քայլերի շրջանակը:

Նախատեսվում է 15 տարեկան բոլոր աղջիկներին` այժմ իրականացվող մանկաբույժի զննությանն և որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությանն ավելացնել նաև վահանաձև գեղձի հետազոտություն, ըստ ցուցումների նաև` հորմոնների:

Արդյունքում ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիայի իրականացման փուլում առաջնային անպտղության և վերարտադրողական կորուստների նվազեցում` առնվազն 5%-ով, ինչը վերարտադրողական տարիքում կապահովի հղիություն և հղիության բարեհաջող ելք` տարեկան մոտ 150 ծնվող երեխա:

Կառավարության հավանությանն արժանացած նախագծով՝ կբարելավվի նաև հղիների նախածննդյան հսկողությունը՝ իրականացվող սքրինինգների շրջանակն ընդլայնվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---