Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի հյուրանոցներում ամրագրումների 90%-ը չեղարկվել է

Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի հյուրանոցներում ամրագրումների 90%-ը չեղարկվել է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանի հյուրանոցներում ամրագրումների 90%-ը չեղարկվել է: Այդ տվյալները ներկայացվել են երկրի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը, որը նվիրված էր նոր վարակի պատճառով ստեղծված իրավիճակին:

«Վերջին 5-6 օրում չեղարկվել է մարտ-ապրիլի համար հյուրանոցներում ամրագրումների 80-90 տոկոսը: Դա նշանակում է, որ զբոսաշրջության ինդուստրիան սնանկության եզրին է: Պատճառը միայն և միայն կորոնավիրուսն է: Մեղավորներ չկան: Պետք է մտածենք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից և ինչ անենք անձնակազմը պահելու համար»,- հայտարարել է Հյուրանոցների և ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին, գրում է JamNews-ը:

Ամենալուրջ իրավիճակը Թբիլիսիում է. շրջանների մեծ մասում տուրիստական շրջանը կամ ավարտվել է, կամ դեռ չի սկսվել: Ըստ Ալավերդաշվիլու՝ եթե իրավիճակը չշտկվի, ոլորտում կրճատումներ կսկսվեն:

2019-ին Վրաստանի զբոսաշրջային ոլորտը մոտ $3.5 մլրդ է վաստակել, իսկ երկրի ամբողջ տնտեսությունը գնահատվում է $18 մլրդ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---