Թորոսյան. Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Թորոսյան. Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Գյումրիում ծեծված 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, երեխային միացված է արհեստական շնչառություն, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ մարտի 5-ին ծեծի են ենթարկվել կինն ու նրա դուստրը, արդյունքում կինը մահացել է: Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում 13 տարեկան աղջիկը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ գիշերը տեղափոխվել է Երևան:

Shantnews.am-ի փոխանցմամաբ՝ 43-ամյա կնոջը և նրա դստերը դաժան ծեծի ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրու Մուշի բաժին։ Պարզվել է, որ խանդի հողի վրա կենցաղային վեճ է եղել, որի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել ընկերուհուն և նրա դստերը։

Թորոսյանը նշել է, որ ԱՆ փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:

2019-ի նոյեմբերի տվյալներով` ՀՀ-ում գրանցվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության 1509 դեպք, 2018-ին այդ թիվը եղել է 1928։ 2019-ին գրանցված դեպքերից 305-ը ընտանիքում են կատարվել: 10 ամսում ՀՀ-ում ընտանիքներում կատարված բռնությունների վերաբերյալ գրանցվել է 1420 ահազանգ, որոնցից 808-ով հաշվառվել են անձինք, նախազգուշացում կիրառվել է 618 դեպքում, բռնություն գործադրած անձանց նկատմամբ անհետաձգելի միջոցներ կիրառվել են 190 դեպքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---