11 դեկտեմբերի 2008 - 15:21 AMT
Օգոստոսյան իրադարձությունների արդյունքում Վրաստանը «ժողովրդավարության փարոսից» վերածվեց անկայունության հզոր օջախի
Օգոստոսյան իրադարձությունների վերաբերյալ ընդհանուր առմամբ համարժեք կարծիք է ձեւավորվել. Վրաստանի անպատասխանատու գործողությունները հանգեցրեցին Ռուսաստանի ոչ համարժեք պատասխանի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Թբիլիսիի Զարգացման եւ համագործակցության կենտրոնի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Իվլիան Խայնդրավան: Նրա խոսքերով, կոնկրետ մարդկանց մեկնաբանություններում, ի դեպ, «անպատասխանատվությունը» Վրաստանի դեպքում կարող է փոխարինվել առավել թունդ արտահայտություններով, ինչպես նաեւ «անհամաչափությունը» Ռուսաստանի դեպքում շատ ավելի կտրուկ գնահատականներով: «Կատարվածի էությունը դրանից չի փոխվում` երկու ավտորիտար ռեժիմներ ի վերջո պատերազմ սարքեցին, որին ձգտում էին եւ նախապատրաստվում էին տարիներով: Ինչ վերաբերում է Մոսկվայի եւ Թբիլիսիի ռեժիմների ոչ ժողովրդավարական լինելուն, ապա հղում կանեմ աշխարհում ժողովրդավարության ինդեքսին, ըստ The Economist ամսագրի` Վրաստանն ու Ռուսաստանը ընդգրկվել են այսպես կոչված «հիբրիդային ռեժիմների» թվում եւ զբաղեցրել են համապատասխանաբար 104 եւ 107-րդ տեղերը Կենիայի, Էֆիոպիայի, Բուրունդիի ու Պակիստանի շարքում: Լայնածավալ մարտական գործողությունների հասունացման բոլոր նշաններն ակնհայտ էին` ԵԱՀԿ դիտորդները Հարավային Օսեթիայում ատյաններին հաղորդել էին իրավիճակի վտանգավոր զարգացման մասին, սակայն, հավանաբար, այդ տվյալներն ավելի վերեւ չէին փոխանցվում: Հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների երեք ամիս շարունակվող լռության մասին պատմությունը հիշեցնում է այն, թե ինչպես են նրանք արձագանքում Հարավային Կովկասի ընտրություններին` սկզբում ինչ-որ մեկը հայտարարում է, որ անցած ընտրությունները համապատասխանել են ինչ-որ չափանիշների, իսկ 2-3 ամիս անց զեկույց է հրապարակվում, որից հայտնի է դառնում, որ ոչ մի չափանիշների այդ ընտրությունները չեն համապատասխանել»,-ասել է վրաց քաղաքագետը:

Միեւնույն ժամանակ Խայնդրավան նշել է, որ եվրոպական ուժի «մեղմ» դիվանագիտական լեզուն ճգնաժամ է ապրում: «Ինչպե՞ս կիրառել այն նրանց հետ, ով ասում է, թե ահաբեկիչներին «նույնիսկ զուգարանում է պետք սպանել», «պետք չէ արյունոտ փսլինքները սրբել», եւ երբ գլխավոր դիվանագետը ստիպված է խոսել բրիտանացի իր պաշտոնակցի հետ այնպես, ինչպես խոսում է իր պետը: Կամ ինչո՞ւ այդ լեզվով խոսել Սահակաշվիլիի հետ, որը լկտիություն ունեցավ ամեն ինչում Եվրոպային մեղադրելու, ասելով, թե ոչ թե նրանք, այլ ես էի զգուշացնում Եվրոպային»,-ասել է քաղաքագետը:

Օգոստոսյան իրադարձությունների արդյունքում Վրաստանը «ժողովրդավարության փարոսից», որն իրականում միայն նախագահ Բուշի փողոց էր լուսավորում Թբիլիսիում , անմիջապես վերածվեց անկայունության հզոր օջախի, ինչը պայմանավորված է ինչպես վրացական իշխանությունների անհավասարակշռությամբ եւ անկանխատեսելիությամբ, այնպես էլ Ռուսաստանի լուրջ ռազմական ներկայությամբ: 2008թ. օգոստոսը հաստատեց` Հարավային Կովկասի անվտանգությունը վերացական հասկացություն չէ ԵՄ-ի համար: Կոնյուկտուրային գործարքները չեն կարող փոխարինել կայուն որոշումները, քանի որ հղի են լուրջ եւ բազմակողմ կորուստներով: Համապատասխանաբար, հերթական արյունահեղության կանխումը տարածաշրջանում Եվրոպայի համար բոլորովին էլ լոկ բարոյական հրամայական չէ»,-ասել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ