10 մարտի 2020 - 16:09 AMT
ՌԴ-ում առաջարկում են նոր սահմանադրությամբ զրոյացնել Պուտինի նախագահական ժամկետը

Ռուսաստանում առաջարկում են նոր սահմանադրությամբ զրոյացնել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետները:

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության առաջնորդ Սերգեյ Նևերովը հայտարարել է, որ խմբակցությունը կսատարի նոր սահմանադրությամբ գործող նախագահի ժամկետները զրոյացնելու մասին պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Խմբակցության ղեկավարները կհավաքվեն և կքննարկեն առաջարկը: Այստեղ կարևոր է... անմիջական խորհրդակցություն անցկացնել և նախագահի, և խմբակցությունների առաջնորդների հետ: Բայց այդպիսի փոփոխությունը, որը, կարծում եմ, կձևակերպվի, անկասկած աջակցություն կունենա «Եդինայա Ռոսիա» խմբակցության կողմից»,- հայտարարել է Նևերովը:

«Ի՞նչ պետք է արհեստական կոնստրուկցիաներ հորինել, պետք է ամեն ինչ ազնիվ և բացահայտ նախատեսել: Կամ հարկավոր է ընդհանրապես հանել նախագահական ժամկետների սահմանափակումը: Կամ, եթե դա պահանջի իրավիճակը, իսկ կարևորը, եթե դա ցանկանան մարդիկ, օրենքով հնարավորություն տալ գործող նախագահին կրկին ընտրվել այդ պաշտոնում, արդեն՝ ըստ նորացված սահմանադրության»,- ասել է Տերեշկովան, գրում է «Կոմերսանտը»:

Պուտինի նախագահության ժամկետը լրանում է 2024-ին, որից հետո, ըստ գործող սահմանադրության, նա այլևս չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը: Առաջին անգամ նա ՌԴ նախագահ է ընտրվել 2000-ին, ապա վերընտրվել 2004, 2012 և 2018 թվականներին: 2012-ի նախագահական ընտրություններից առաջ նախագահի լիազորությունները 4-ից ավելացվեցին մինչև 6 տարի: 2008-2012թթ., Պուտինը եղել է ՌԴ վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդևը: