12 դեկտեմբերի 2008 - 14:42 AMT
Ռուսաստանը ջանում է հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից եւ չի ցանկանում ոչ ոքի հետ փչացնել հարաբերությունները
Դե-ֆակտո Ռուսաստանը ջանում է հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից եւ չի ցանկանում ոչ ոքի հետ վիճել: Այդ մասին Pan.ARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հումանիտար եւ քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Իգրունովը: Նրա կարծիքով, քաղաքական գործիչները հասկանում են, որ կան բաներ, որոնք չի կարելի անել: «Ոչ մի հայտարարություն ոչ մի բան չի լուծի, սակայն ՌԴ-ն միայն իր ներկայության փաստով կասեցնում է Կովկասում հակամարտությունների ռազմական լուծման ցանկացած հնարավորություն: Ռուսաստանն, անշուշտ, կցանկանար որպես հավելուկ ունենալ ողջ Հարավային Կովկասը: Սակայն իրականությունն այն է, որ Ռուսաստանն այնպիսի ազդեցություն չունի Ադրբեջանի վրա, ինչպիսին կցանկանար ունենալ: Ուստի Ադրբեջանի մտավախությունները ՌԴ քաղաքականության ուղղվածության փոփոխության վերաբերյալ տեղին են»,-նշել է նա:

Միեւնույն ժամանակ, Իգուրնովը նշել է, որ հնգօրյա պատերազմի արդյունքում ՌԴ դիրքերը Կովկասում ամրապնդվեցին: «Ռուսաստանին հաջողվեց մի քանի կարեւոր բան անել: Առաջինը, դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք: Երկրորդը, Ռուսաստանի վճռականությունը հանգեցրեց Մայնդորֆի հռչակագրի ստորագրմանը, եւ, երրորդը` մոտակա ապագայում Հարավային Կովկասում զինված հակամարտություն չի լինի: Մեծ հաշվով, ես չեմ տեսնում օգոստոսյան պատերազմի բացասական հետեւանքներ»,-ասել է ռուս քաղաքական գործիչը: