Թուրք խոսնակը կոչ է արել այլ երկրների խորհրդարաններին «չխաթարել» Երեւանի ու Անկարայի միջեւ սկսված երկխոսությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը կոչ է արել այլ երկրների խորհրդարաններին Հայոց ցեղասպանության ճանաչումով «չխաթարել» Երեւանի ու Անկարայի միջեւ սկսված հարաբերությունների հաստատման գործընթացը: «Քաղաքական գործիչներն ու խորհրդարանները իրավասու չեն դատելու պատմության մասին: Մենք միշտ զգուշացրել ենք մյուս երկրների խորհրդարաններին, որ, ճանաչելով 1915թ իրադարձությունները, նրանք չեն նպաստի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցային գործընթացին»,-հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Կոկսալ Թոփթանը:



Նրա խոսքերով, երկրի խորհրդարանը որեւէ նախապաշարմունք չունի հայ ժողովրդի դեմ եւ պատրաստ է երկխոսության: «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, նպաստելու համար սկսված գործընթացին»,-հայտարարել է Թոփթանը: Չնայած դրան, նա հայտարարել է, որ «Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրումը», անկասկած, կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Այսօր շուրջ 70 հազար հայեր են աշխատում Թուրքիայում, եւ շատ թուրքական ապրանքներ վաճառվում են Հայաստանում: Եթե մենք շարունակենք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա չեն մնա այնպիսի հարցեր, որոնք չարաշահում է հայկական սփյուռքը»,-նշել է Թոփթանը:



Թոփթանը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը պատմական իրադարձությունների շուրջ բանավեճեր կազմակերպելու վերաբերյալ: «Մենք գոհ ենք, որ մյուս երկրների խորհրդարաններն արդեն կիսում են մեր հայացքներն այս հարցում»,-ընդգծել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, հաղորդում է «Հյուրիեթ» թերթը:



Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը, որ ընդունեց Ֆրանսիայի ԱԺ-ն 2006թ., այժմ արգելափակված է Ֆրանսիայի Սենատում: 2006թ. հոկտեմբերն Ֆրանսիայի Ազգային Ժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին: Ցեղասպանությանը զոհ գնացին շուրջ 1,5 մլն հայեր, իսկ 500 հազարը սփռվեցին աշխարհով մեկ, կազմավորելով հայկական սփյուռքը: Որպեսզի օրինագիծը օրենք դառնա, այն պետք է ստանա Սենատի հավանությունը եւ ստորագրվի Ֆրանսիայի նախագահի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---