ՀՀ-ում կորոնավիրուսով հոսպիտալացված իտալացին «Ռենկոյի» աշխատակից է

ՀՀ-ում կորոնավիրուսով հոսպիտալացված իտալացին «Ռենկոյի» աշխատակից է

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին կորոնավիրուսով հոսպիտալացված 51-ամյա իտալացին «Ռենկո» շինարարական ընկերության աշխատակից է: Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց Թումո կենտրոնի հանրության հետ կապերի պատասխանատու Զառա Բուդաղյանը՝ վարակված տղամարդը կենտրոնի ուսանողների երեխաների հետ որևէ կոնտակտ չի ունեցել։

Տղամարդն աշխատել է շենքի 6-րդ հարկում՝ «Սինոփսիս» ընկերության շինհրապարակում։

«Նա տեղաշարժվում էր միմիայն աշխատանքային մուտքով ու չէր կարող ոչ «Թումոյում» սովորող երեխաների, ոչ այլ վարձակալների հետ շփում ունենալ, անգամ ճաշարանից չի օգտվել», - շեշտեց Բուդաղյանը։

Նա ասաց նաև, որ շենքում անվտանգության խիստ կանոններ են պահպանվում, ազատ տեղաշարժվել տղամարդը չէր կարող, նրա ամբողջ տեղաշարժը տեսել են՝ տեսագրությունները դիտելով։

Բուդաղյանի խոսքով՝ մինչև ապրիլի 12-ը Թումոների աշխատանքի դադարեցումը կապ չունի շինհրապարակում աշխատած այդ տղամարդու հետ ու նախապես էր ծրագրված։

«Մեզ մոտ գալիս են հազարավոր երեխաներ, ու հասկացանք, որ շատ խուսափել չի լինի։ Որոշեցինք մինիմիզացնել ռիսկն ու որոշ ժամանակով փակվել», - նշեց նա։

PanARMENIAN.Net ի տեղեկություններով՝ վարակակրի շփումը «Ռենկոյի» աշխատակիցների հետ ևս խիստ սահմանափակ էր, սակայն այնտեղ աշխատել է նաև նրա ազգականներից մեկը, ինչը որոշակի խուճապ է առաջացրել։

Մեր լրագրողն այցելեց «Ռենկոյի» գրասենյակ: Աշխատակիցներից Վարո Թովմասյանը զրույցում հաստատեց, որ իր կոլեգաներից մեկը վատառողջ է եղել, սակայն խուսափեց խոսել կորոնավիրուսի մասին։

«Մարդն իրեն վատ է զգացել, շտապօգնությամբ տեղափոխվել է»,- նշեց նա։

Ժամը 17։00-ի մերձակայքում գրասենյակում միայն Թովմասյանն էր և ևս մեկ աշխատակից։

Հարցին՝ արդյոք աշխատակիցները տարհանվել են կամ հեռակա են աշխատում, նա ասաց, որ գրասենյակը բնականոն աշխատում է, հետագա քայլերի մասին պարզ կլինի ավելի ուշ։

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. հիվանդներն են Իրանից ժամանած ՀՀ 28-ամյա քաղաքացին, Իտալիայի վերոնշյալ քաղաքացին և Իտալիայից վերադարձած ևս 2 ՀՀ քաղաքացի։ Նրանք ու նրանց հետ սերտ շփված անձինք մեկուսացված են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---