13 մարտի 2020 - 11:15 AMT
Նավթային «պատերազմում» Սաուդյան Արաբիան ուժեղ հարվածել է ՌԴ-ին. Եվրոպա մատակարարվող նավթն էժանացվում է

Սաուդյան Արաբիան նավթային շուկայի «գնային պատերազմում» ուժեղ հարված է հասցրել Ռուսաստանին՝ հայտնելով, որ պատրաստվում է եռապատկել Եվրոպային մատակարավող նավթի քանակը և 1 բարելի դիմաց $25 մեծ զեղչով հումք վաճառել, հայտնում է Lenta.ru-ն՝ Bloomberg-ին հղումով:

Եվրոպան ռուսական նավթի ավանդական շուկան է, իսկ գնային նոր քաղաքականության պատճառով այդ տարածաշրջանը վերածվում է Էր-Ռիադի և Մոսկվայի միջև «նավթային պատերազմի» ռազմադաշտի:

Ըստ Energy Aspects Ltd խորհրդատվական ընկերության՝ Սաուդյան Արաբիայի առաջարկած զեղչն այնքան մեծ է, որ երկրի Arab Light նավթը դուրս կմղի ռուսական Urals-ին և հումք մատակարարող այլ ընկերություններին, եթե նրանք նույնպես չվերանայեն գնային քաղաքականությունը:

Նավթի համաշխարհային գներն ընկել են մարտի 6-ից սկսած՝ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի՝ ՕՊԵԿ+ գործարքից դուրս գալուց հետո: Արդյունքում ռուսական Urals-ի արժեքն ընկավ $16-ով, մարտի 12-ի դրությամբ այն վաճառվել է մեկ բարելի համար $32,25-ով: