13 դեկտեմբերի 2008 - 14:06 AMT
Տիգրան Սարգսյան. Սփյուռքի հետ միասին Հայաստանն որակապես այլ երկիր է
Հայաստանի սփյուռքի նախարարության եւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին Երեւանում մեկնարկեց «1946-1948թթ. հայրենադարձությունն ու նրա դասերը» միջազգային խորհրդաժողովը. Հայրենադարձության խնդիրներն այսօր»: Խորհրդաժողովի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ եւ բարձրաստիճան այլ անձիք:

«Այսօր մեր առջեւ խնդիր է դրված բարենպաստ պայմաններ ստեղծել եւ մշակել հատուկ ծրագիր հայրենադարձության համար: Մենք կազմակերպեցինք այս խորհրդաժողովը վերլուծելու համար բոլոր առկա խնդիրները, որպեսզի բացթողումներ չլինեն հայրենադարձության ծրագրի իրականացման ժամանակ: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր այն սխալները, որ թույլ են տրվել 1946-1948 թվականներին»,-բացման ժամանակ հայտարարել է Հրանուշ Հակոբյանը: Ըստ սփյուռքի նախարարի, արտերկրում բնակվող հայը պետք է հայրենիք վերադառնա հոգեբանորեն նախապատրաստված, քաղաքացիական բարձր գիտակցումով, հստակ պատկերացումներով այն մասին, թե ինչով է նա զբաղվելու հայրենիքում եւ խնդիրները հաղթահարելու պատրաստակամությամբ, որոնք կարող են առաջանալ հայրենիքում:

«Հայաստանը սփյուռքի հետ որակապես այլ երկիր է, քան առանց նրա, եւ 21-րդ դարում ուղղակի անհնար է ուշադրություն չդարձնել այդ հանգամանքին»,-խորհրդաժողովի բացմանը հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նրա խոսքերով, այսօր աշխարհը շատ արագ է փոփոխվում, եւ հանրապետության իշխանություններն իրավասու չեն սխալներ թույլ տալ հայրենադարձության գործում, որպեսզի մի քանի տարի անց կրկին ներողություն չխնդրեն սփյուռքի ներկայացուցիչներից: «Այսօր մեր սփյուռքն այնքան հեռու չէ մեզնից, որքան Խորհրդային Հայաստանի տարիներին: Այսօր մեր սփյուռքը մեր աշխատանքի անբաժան մասն է»,-եզրափակել է Հայաստանի վարչապետը:

Դեկտեմբերի 13-14-ին միջազգային խորհրդաժողովը կշարունակի իր աշխատանքը Ծաղկաձորում: