Հայաստանի տարածքում վրացական եկեղեցիների գոյության ոչ մի ապացույց չկա

PanARMENIAN.Net - Իրենց «Վրաստանի քրիստոնյա-ժողովրդավարական շարժում» անվանող վրաց հասարակության որոշ ներկայացուցիչների ակցիան ոչ մի բանով հիմնավորված չէ եւ նպատակ ունի վրդովեցնել հայերին Նորաշենի հայկական եկեղեցու հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի սբ.Գեւորգ եկեղեցու քահանա Նարեկ Ղուշչյանը:



Նրա խոսքերով, երեք տարի առաջ նույն մարդիկ պահանջում էին Լոռիում հիմնել Վրաց ուղղափառ եկեղեցու թեմ: «Սակայն այդ կոչերն այդպես էլ մնացին լոկ կոչ` այսպես կոչված նախաձեռնող խումբը չդիմեց ոչ իրավագետների, ոչ վրաց պետությանը: Վրաստանը հիմնական հավակնությունները վերաբերում են Ախթալայի վանական համալիրին, որն, իրենց կարծիքով, պատկանում է ՎՈՒԵ-ն: Սակայն դա արմատապես սխալ է` Լոռիում եւ Տաշիրում կան ուղղափառ եկեղեցիներ, սակայն դրանք բոլորը կառուցվել են ուղղափառ հայերի (քաղկեդոնացիների) կողմից: Մենք, սկզբունքորեն, դեմ չենք Հայաստանի տարածքում ՎՈՒԵ-ի գոյությանը, չէ որ Վրաստանում կա Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմ: Սակայն սա հավասարության հարց չէ` եթե կան եկեղեցիներ, կլինի նաեւ թեմ: Սակայն մինչ այժմ վրացական եկեղեցին չի ներկայացրել Հայաստանի տարածքում վրացական եկեղեցիների գոյության ոչ մի ապացույց»,-ընդգծել է Ղուշչյանը:



Դեկտեմբերի 11-ին Վրաստանի քրիստոնյա-ժողովրդավարական շարժումը ցույց էր կազմակերպել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ: Ըստ շարժման առաջնորդ Գիորգի Անդրիաձեի, ցույցը անց է կացվում Հայաստանում գտնվող վրացական վանք-եկեղեցիները վերադարձնելու պահանջով: «Հայաստանի հյուսիսում, պատմական Լոռի-Տաշիրի տարածքում կան տասնյակի հասնող կարեւոր վրացական վանքեր ու եկեղեցիներ: Ցավոք, դրանք բոլորը թալանված են, ինչն էլ վկայում է, որ դրանք պատկանում են վրաց ուղղափառ եկեղեցուն, ոչ թե հայկական: Հակառակ դեպքում նրանք պատշաճ կերպով կխնամվեին»,-հայտարարել է նա: Ցույցին մասնակցել է շուրջ 10 հոգի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---