Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել Մալթայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Մալթայի կառավարությունը Ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի առանձին օր կհայտարարի, սակայն մտադիր չէ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունել: Խորհրդարանական լսումների ընթացքում բանաձեւի ընդունման մասին առաջարկով հանդես եկավ «Մալթայի Լեյբորիստական կուսակցության մամլո քարտուղար Նոել Ֆարուգիան:



Ընդ որում նա հարցրել է Մալթայի ԱԳՆ ղեկավար Տոնիո Բորգին, պատրաստվում է արդյոք կառավարությունը բանաձեւ ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին: Արտգործնախարարը պատասխանել է, թե Մալթան պարտավոր չէ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, սակայն պետք է պահպանի 21 տարի առաջ Եվրախորհրդարանի ընդունված բանաձեւը, որով կոչ է արվում բոլոր երկրներին «20 դարում տեղի ունեցած ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի օր հայտարարել, հատկապես հայերի եւ հրեաների առնչությամբ»,-գրում է Malta Today թերթը:



Հայոց ցեղասպանությունը 20 դարի առաջին ցեղասպանությունն էր: 1915-1923թթ. 1,5 մլն հայ է կոտորվել եւ շուրջ 500 հազարը սփռվել է աշխարհով մեկ:



Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, պնդելով, որ հայերը բռնագաղթվել են իրենց ռուսամետ դիրքորոշման համար: Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիան պատերազմել է Ռուսաստանի դեմ: Հայոց ցեղասպանությունն այժմ ճանաչել են 21 պետությունների խորհրդարաններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---