15 դեկտեմբերի 2008 - 14:21 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Ոչ մի փոփոխություն Մադրիդյան սկզբունքներում չի արվել
«Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարություն է ընդունվել, որտեղ ասվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու մասին: Նույնը ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ: Լուրերն այն մասին, թե Մադրիդյան սկզբունքներում ինչ-որ լրացումներ են արվել, չի համապատասխանում իրականությանը»,-այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ դը Բրիշամբոյի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված գործընթացում հակամարտության կողմերին բազմաթիվ տեխնիկական առաջարկներ են արվել, որոնք վերաբերում են Մադրիդյան սկզբունքների այս կամ այն կետին: «Սակայն բուն սկզբունքները ոչ մի փոփոխություն չեն կրել»,-նշել է Հայաստանի արտգործնախարարության ղեկավարն` ընդգծելով, որ այսօր բանակցություններն ընթանում են հենց այդ սկզբունքների հիման վրա:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները կարգավորման նոր փուլ անցնելու նպատակով տեխնիկական առաջարկներ են արել այն կետերի վերաբերյալ, որոնք ներառված են մադրիդյան սկզբունքների մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները կարգավորման նոր փուլ անցնելու նպատակով «որոշ փոփոխություններ են կատարվել Մադրիդյան սկզբունքներում»: Նրա խոսքերով, այդ փոփոխությունները պետք է քննարկել եւ վերլուծել, եւ «հետո, հավանաբար, հանդիպում կլինի ԱԳՆ ղեկավարների, կամ նախագահների մակարդակով»: