15 դեկտեմբերի 2008 - 18:22 AMT
Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանում Սիրիայի դեսպանատանը
Հայաստանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնապես հերքել է հաղորդագրությունն այն մասին, թե դեսպանատան աշխատակիցները դիմել են Հայաստանի եւ Սիրիայի ԱԳՆ` բողոքելով Հայաստանում Սիրիայի ժամանակավոր հավատարմատար Աբդուլլահ Համիդ Սալումի անհարիր վարքից եւ սեռական ոտնձգություններից: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հաղորդագրության մեջ, դեսպանատան աշխատակիցները հերքում են այն տեղեկատվությունը, թե իբր իրենք ինչ-որ խնդիրներ են ունեցել սիրիացի դիվանագետի հետ:

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հարգալից եւ պատշաճ վերաբերմունքից բացի մենք այլ բան չենք տեսել»,-ասվում է հայտարարության մեջ եւ ընդգծվում, որ դիվանագիտական առաքելության ղեկավարը իրավասու է աշխատանքի նշանակել եւ ազատել ում որ հարկ կհամարի: «Մենք` Հայաստանում Սիրիայի դեսպանատան աշխատակիցներս, շատ ենք ափսոսում մեր նախկին աշխատակցուհու բողոքի համար, որը հրապարակվել է որոշ ԶԼՄ-ներում: Մենք դատապարտում ենք նման քայլերը եւ ցանկանում ենք նշել, որ այդ բողոքը ներկայացնում է միայն նամակի հեղինակի գնահատականներն ու կարծիքը»,-ասվում է դեսպանատան աշատակիցների նամակում:

Դեկտեմբերի 11-ին Pan.ARMENIAN.Net-ը հաղորդագրություն էր ստացել, որի համաձայն Հայաստանում Սիրիայի դեսպանատան աշխատակիցները չափազանց մտահոգ էին Հայաստանում Սիրիայի դեսպան Աբդուլլահ Համիդ Սալումի վարքով: «Այս տարվա օգոստոսից, երբ Աբդուլլահ Համիդ Սալումը ստանձնեց Հայաստանում Սիրիայի դեսպանի պաշտոնը, դեսպանատան աշխատակիցները դարձան առօրյա աշխատանքում բացասական փոփոխությունների, մասնավորապես, սեռական ոտնձգությունների, աշխատանքից չհիմնավորված ազատման, նվաստացումների ականատեսները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դեսպանատան աշխատակիցները դեռեւս սեպտեմբերին դիմել էին Հայաստանի եւ Սիրիայի ԱԳՆ այդ հացին լուծում տալու ակնկալիքով: Հայաստանի ԱԳ նախարարություն հղած նամակում, մասնավորապես, ասվում է. «Երբ մենք աշխատանքի ընդունվեցինք ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն, մենք կարծում էինք, որ աշխատելու ենք լուրջ դիվանագետների հետ: Սակայն այդպես էր նոր դեսպանի նշանակումից հետո միայն 20 օրվա ընթացքում: Մինչ այդ մթնոլորտը դեսպանատանը համերաշխ էր ու հանդարտ: Դիվանագետները շատ լավ էին վերաբերվում դեսպանության աշխատակիցներին: Սակայն Աբդուլլահ Համիդ Սալումի Երեւան ժամանելուց 20 օր անց, նոր դեսպանը աշխատանքից ազատեց իր տանը կերակուր պատրաստող կնոջը: Դեսպանը հաղորդեց, որ կինն ազատվել է սեփական ցանկությամբ: Ինչպես հավաստիացնում էր պարոն դեսպանը, տարաձայնությունների պատճառ հանդիսացավ այն, որ կինը չէր հասկանում արաբերեն, սակայն այդ հանգամանքը պատճառ չէր կարող լինել, քանի որ դեսպանության շատ աշխատակիցներ արաբերենին չեն տիրապետում: Դա երբեք խնդիր չի եղել»,-ասվում է ՀՀ արտգործնախարարին ուղղված դեսպանատան աշխատակիցների նամակում:

Ինչպես ասել են դեսպանատանը, մինչ այժմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել, նույնիսկ այն բանից հետո, երբ դեսպանատան անձնակազմը դիմեց Սիրիայի ԱԳՆ, հաղորդելով դեսպանատանը տիրող ծանր մթնոլորտի մասին: «Իրավիճակը դեսպանատանը գնալով շիկանում է: Հայազգի աշխատակիցները վախենում են կորցնել աշխատանքը եւ արաբերեն են սովորում, այն բանից հետո, երբ դեսպանը հայտարարեց, թե դեսպանատանը աշխատաելու են միայն սիրիացիներ: Դեսպանատան հայազգի աշխատակիցները ենթարկվում են սեքսուալ ոտնձգությունների, ազգային խտրականության եւ անհարգալից վերաբերմունքի: Մենք խնդրում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ խնդրի լուծման համար: Հակառակ դեպքում մենք ինքներս կոնկրետ քայլեր կձեռնարկենք»,-ասվում է Սիրիայի դեսպանատան աշխատակիցների նամակում: