Պարետատան 1-ին նիստում կարևորվել է ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքը վերահսկելու հարցում

Պարետատան 1-ին նիստում կարևորվել է ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքը վերահսկելու հարցում

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է պարետատան առաջին նիստը։ Կարևորվել է ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում:

«Կարծում եմ` բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի յուրաքանչյուր իր պարտականությունները կատարող պաշտոնյա իմանա, թե ինչ է պետք անել ու ինչ քայլերի հերթականություն ինքն ունի անելու` այդ ամեն ինչը պետք է շատ հստակ լինի:

Քննարկելու ենք միասնական թեժ գծի գործարկման հարցերը: Կրկին ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերն ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն», - նշել է Ավինյանը։

Առողջապահության նախարարը ներկայացրել է հանրապետությունում իրավիճակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը և լրացուցիչ անվտանգության միջոցառումները:

Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տրվել են համապատասխան մեթոդական ցուցումներ:

Առանձնացվել է մարզերում ու Երևանում տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ վերահսկողական գործողությունների կոորդինացման գործում մարզպետերի ու Երևանի քաղաքապետի դերը։

Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունն ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկրների հետ հաղորդակցության ու վիզային ռեժիմներին վերաբերող հարցերի։

ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդության հաստատված 64 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է։

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---