Երեւանում կբացվի Եվգենի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի դպրոց

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա գեղասահքի դպրոցի բացումը: Վերջինս կկոչվի Ռուսաստանի գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի անունով: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է մարզահամերգային համալիրի սեփականատեր «Բամո» ընկերության բաժնետերերից մեկը` Հովիկ Մուրադյանը:



«Դեռեւս 2 ամիս առաջ մենք ծրագրում էինք մարզահամերգային համալիրում գեղասահքի դպրոց բացել: Մենք Եվգենի Պլյուշչենկոյի հետ բանակցություններ ենք վարում համագործակցության կարգավորման համար, նրա մասնակցությունը այս նախագծին լավագույն կերպով կանդրադառնա Հայաստանում գեղասահքի զարգացման վրա»,- նշել է Հովիկ Մուրադյանը` ավելացնելով, որ դպրոցի սաների 25%-ի համար դասընթացներն անվճար են լինելու, իսկ գները` բոլորին մատչելի:



Գեղասահքի դպրոցի բացման արարողությանը մասնակցելու համար Երեւան է ժամանել ինքը` Եվգենի Պլյուշչենկոն, որը վարպետության դասեր է անցկացրել երիտասարդ գեղասահորդների համար:



«Մենք բանակցություններ ենք վարում դպրոցի բացման համար: Բացի իմ անունից ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ Հայաստանում գեղասահքի զարգացման գործում: Մենք շատ աշխատանք ունենք անելու, բայց ինձ հաճելի է շփվել եւ մարզել երեխաներին»,- հայտնել է գեղասահքի օլիմպիական չեմպիոնը` ավելացնելով, որ բանակցություններ են ընթանում մարզահամերգային համալիրի ղեկավարության հետ, որպեսզի մարզիչներ եւ բարձր որակավորմամբ մասնագետներ հրավիրվեն Ռուսաստանից եւ աշխարհի այլ երկրներից:



«Հեռանկարում մենք դիտարկում ենք նաեւ Երեւանում միջազգային սեմինարների, վարպետության դասերի, կոնֆերենցիաների, դպրոցական մրցույթների անցկացման հնարավորությունը, քանի որ այստեղ գոյություն ունեն բոլոր հնարավորությունները Գեղասահքի աշխարհի առաջնության անցկացման համար»,- հաղորդել է Եվգենի Պլյուշչենկոն` ավելացնելով, որ նա ծրագրեր ունի դպրոցներ բացելու Սանկտ-Պետերբուրգում, Վոլգոգրադում եւ այլ քաղաքներում: Օլիմպիական չեմպիոնի խոսքերով, լավագույն հայ գեղասահորդները կներգրավվեն իր խմբի մեջ եւ կմասնակցեն շատ միջազգային մրցույթների:



Դեկտեմբերի 27-ին եւ 28-ին Երեւանում կկայանա Եվգենի Պլյուշչենկոյի եւ հունգար ջութակահար Էդվին Մարտոնի «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» շոու-ծրագիրը: Այն 2007թ.-ից ներկայացվել է Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում եւ Բալթիայում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---