Բրիտանիայի կառավարությունը կվճարի մասնավոր աշխատողներին, որոնց գործազրկություն է սպառնում

Բրիտանիայի կառավարությունը կվճարի մասնավոր աշխատողներին, որոնց գործազրկություն է սպառնում

PanARMENIAN.Net - Բրիտանիայի կառավարությունը կփոխհատուցի մասնավոր ընկերությունների այն աշխատակիցների աշխատավաձի 80%-ը, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով զրկվել են աշխատելու հնարավորությունից։ Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը։

Վարչապետ Բորիս Ջոնսոնն իր հերթին հայտարարել է, որ մարտի 21-ից կփակվեն բոլոր փաբերը, սրճարաններն ու ռեստորանները, բայց հնարավոր կլինի պատվերները տուն առաքել, գրում է BBC-ն։

Ֆինանսների նախարարը խոստացել է ֆինանսապես օգնել նրանց, ում սպառնում է գործազրկությունը։ Նա հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կվճարի մարդկանց աշխատավարձերը՝ բիզնեսի փոխարեն։

Ըստ կառավարության` դա թույլ կտա ընկերություններին չազատել իրենց աշխատակիցներին, նույնիսկ եթե նրանք չկարողանան աշխատել պանդեմիայի պատճառով։

Բրիտանական ընկերությունները կկարողանան չվճարել ավելացված արժեքի հարկը մինչև հունիսի վերջը և կկարողանան մեկ տարով անտոկոս վարկ վերցնել։

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին էր հայտնել: Վարակի պատճառով հարյուրավոր քաղաքներում և բնակավայրերում մարդիկ սահմանափակել են իրենց առօրյա գործունեությունը, կրճատել հաղորդկացությունը՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 200,000-ից ավելի մարդ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---