Հայաստանի շրջափակումը եւ դրանով խթանված պանթուրանական ծրագրերը կիրագործվեն միայն «Վրաստանի դիակի վրայով»

PanARMENIAN.Net - Ջավախքի ու Ծալկայի պատմական տարածաշրջանը, որն այժմ Վրաստանի իրավաբանական տիրապետության տակ է, իր ռազմական-ռազմավարական դիրքով եւ առկա խնդիրներով հսկայական ազդեցություն ունի Անդրկովկասի քաղաքական զարգացման վրա: Այդ մասին ասվում է «Միտք» վերլուծական կենտրոնի հայտարարության մեջ, որ ստացել է PanARMENIAN.Net ը:



Փաստաթղթի հեղինակները հիշեցնում են, որ մինչ 1944թ. այդ տարածաշրջանում ապրում էին եւ վերաբնակվեցին իրենց մեսխեթցի թուրքեր համարող համայնքի շուրջ 90 000 ներկայացուցիչներ: Հետխորհրդային տարիներին եւ հատկապես Եվրամիությանն անդամակցելուց հետո (1999թ.) Վրաստանը պարտավորվեց կազմակերպել նրանց վերադարձը բնակության նախկին վայրեր: 1944թ. վերաբնակեցումից հետո եւ մինչ այժմ մեսխեթցի թուրքերի քանակը կտրուկ աճել է, հասնելով 400-500 հազարի:



«Դրան զուգահեռ ակտիվանում են այն երկրները, որտեղ ապրում են մեսխեթցի թուրքերի մեծ մասը: Կանոնավորապես նման նախաձեռնություններով են հանդես գալիս Թուրքիան ու Ադրբեջանը, վերջերս նաեւ Ռուսաստանն ու նրա հարավային ինքնիշխան հանրապետությունները: Օրինակ, նման նախաձեռնությամբ վերջերս հանդես եկավ Ինգուշեթիան, որտեղ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` կամավոր հիմունքներով Վրաստան տեղափոխվող մեսխեթցի թուրքերին աջակցելու համար: Հանրապետությունում բնակվում են շուրջ 10 000 մեսխեթցի թուրքեր: Մենք` «Միտք» վերլուծական կենտրոնի եւ մի շարք երիտասարդական ու քաղաքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դեմ ենք մարդկանց բռնի ուժով իրենց հայրենիքից զրկելուն, սակայն, միաժամանակ գտնում ենք, որ այսօրվա պայմաններում անթույլատրերի է Ջավախքի ու Ծալկայի տարածաշրջան միայն մեսխեթցի թուրքերին վերադարձնելը»,-ասվում է հայտարարության մեջ:



Ըստ հայ վերլուծաբանների դա իր բացատրությունն ունի: «Եթե 1944թ. մեսխեթցի թուրքերը շուրջ 90 000 էին, ապա այժմ նրանց քանակը հասել է 500 000-ի: Սա ինքնին արդեն անհնար է դարձնում նրանց բնակեցումը Ջավախքում ու Ծալկայում տեխնիկական եւ այլ առումներով: Վրաստանի Ջավախքի ու Ծալկայի վրացականացմանն ուղղված քաղաքականությունն այս տարիներին մարդկանց արհեստական վերաբնակեցման միջոցով անհամեմատ ավելացրել է վրացական տարրի առկայությունը տարածաշրջանում, ինչը եւս տեխնիկական խոչընդոտ է վերաբնակների համար:



Ջավախքն ու Ծալկան, լինելով հայկական պատմական տարածաշրջան եւ 70 տոկոսվ բնակեցված լինելով հայերով, այժմ փաստորեն Հայաստան է, թեեւ չի մտնում Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ: Ջավախքում եւ Ծալկայում հայկական գործոնի առկայության պայմաններում անթույլատրելի է մահմեդական թուրքերի վերաբնակեցումն այստեղ: Դա կհանգեցնի լայնամասշտաբ հայ-թուրքական բախումների եւ լարվածության աճին Անդրկովկասում: Որոշ երկրների, հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի համար, մեսխեթցի թուրքերի գործոնն իրականում ոչ թե «մարդու իրավունքների վերականգնման հարց է», այլ Ջավախքի ու Ծալկայի վերջնական թրքացում: Դրանով ստեղծվում է թուրք-ադրբեջանական ցամաքային կապ եւ ՀՀ-ն վերջնականապես հայտնվում է շրջափակման մեջ: Մեծ հաշվով դրանով նախատեսվում է մեկնարկ տալ պանթուրքական եւ թուրանիստական ծրագրերին, որոնց իրագործումը, թեեւ օրակարգի մշտական հարց չի հանդիսանում, սակայն դեռեւս ուժի մեջ է:



Ելնելով այս ամենից, մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ուշքի գալ ու գիտակցել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի թելադրած ցանկացած հակահայկական ծրագրի իրագործում առաջին հերթին ուղղված է հենց իր իսկ դեմ: Այժմ էլ, երբ Վրաստանի թույլտվությամբ եւ աջակցությամբ Թուրքիան ու Ադրբեջանը շրջափակում են ՀՀ-ն, Վրաստանը պետք է հասկանա, որ ՀՀ-ի շրջափակումը, եւ դրանով խթանված պանթուրանական ծրագրերը կիրականանան միայն Վրաստանի դիակի վրայով: Մենք կոչ ենք անում Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին ու Ռուսաստանին դադարեցնել մեսխեթցի թուրքերի վերաբնակեցմանն ուղղված ծրագիրը: Հակառակ դեպքում, ինչպես «Միտք» վերլուծական կենտրոնն, այնպես էլ ՀՀ եւ Ջավախքի մի շարք քաղաքական-հասարակական կազմակերպություններ, կսատարեն տարածաշրջանի հայերի մոտ հասունացող բողոքի ակցիաներին: Իսկ դա անցանկալի հետեւանքերի կհանգեցնի ինչպես ողջ տարածաշրջանի, այնպես էլ Վրաստանի համար»,-ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---