17 դեկտեմբերի 2008 - 15:06 AMT
Հայերից ներողություն խնդրելու արշավը անց է կացվում Թուրքիայի իշխող կուսակցության հավանությամբ
«1915թ. աղետի համար հայ ժողովրդից ներողություն խնդրելու» Թուրքիայում ծավալված գործընթացը անց է կացվում իշխող կուսակցության հավանությամբ, որը վարում է Թուրքիայի համար ոչ ավանդական ներքին եւ արտաքին քաղաքականություն: Այդ մասին հայտարարել է ադրբեջանական Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն:

Նրա կարծիքով, աստիճանաբար ազգայնական եւ հայրենասիրական շրջանակներում դժգոհության ալիք է առաջանում, կապված հայերից ներողություն հայցելու կառավարության փորձերի հետ: «Ես կարծում եմ, որ Հայաստանի հետ սահմանի բացման հարցում թուրքական իշխանությունները կարող են սխալ քայլերի գնալ եւ այդպիսով լարվածություն ստեղծել Ադրբեջանի հետ հարաբերություններում: Միեւնույն ժամանակ, շատ հաճախ թուրք պաշտոնական անձիք, որ ժամանում են Բաքու, բացատրում են նման հայամետ քաղաքականությունը Թուրքիայի ձգտմամբ` չեզոքացնել ԱՄՆ Կոնգրեսի եւ մի շարք եվրոպական երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունման հնարավորությունը: Ապրիլի 24-ից հետո Թուրքիան մտադիր է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում` ելնելով պատմական եւ աշխարհաքաղաքական իրողություններից` հենվելով իր ազգային շահերի ու իր գործընկերների, առաջին հերթին Ադրբեջանի շահերի վրա»,-ասել է Ահմեդօղլուն, հաղորդում է 1news.az-ը:

Նախաձեռնության հեղինականերն են Ստամբուլի Բանչելիի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների եւ հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրում հավաքել է շուրջ 8 հազար ստորագրություն: