17 դեկտեմբերի 2008 - 16:36 AMT
Հրանուշ Հակոբյան. «Մենք վատ ենք ճանաչում մեր սփյուռքը, իսկ սփյուռքը` մեզ»
«Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ամեն կերպ խրախուսելու է հայրենակիցների հայրենադարձությունը: Բայց այդ ծրագիրը չի նախատեսում միայն ֆիզիկական հայրենադարձություն: Հայը պետք է իր հայրենիք վերադառնա ոչ միայն մարմնով, այլեւ` հոգով, սրտով եւ մտքով»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մեր առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք բոլորս պետք է Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ նրանք հայ են: Հենց այդ պատճառով էլ մենք այդպես խրախուսում ենք «Արի տուն» ծրագրի իրագործումը: Այդ ծրագրով մենք պլանավորում ենք իրականացնել սփյուռքի հայ երիտասարդության հայրենադարձը»,- հայտնել է Հրանուշ Հակոբյանը` համոզմունք հայտնելով, որ եթե թեկուզ մի անգամ երիտասարդ հայը հայրենիք գա, նա կցանկանա հավերժ այստեղ մնալ եւ իր ներդրումն ունենալ իր երկրի զարգացման մեջ: Նախարարի խոսքերով, շատ կարեւոր է, որպեսզի հսկայական հայկական սփյուռքը, որն ամբողջ աշխարհում հաշվում է մոտ 10 միլիոն մարդ, օգտագործի իր հոգեւոր եւ ֆինանսական պոտենցիալը Հայաստանի ամրապնդման եւ զարգացման համար: «Մենք պետք է միավորվենք ոչ միայն վշտի պահին, այլեւ հզոր ու բարգավաճող հայրենիք ստեղծելու համար: Շատերն ասում են, որ հայրենադարձության իրագործման համար անհրաժեշտ է հատուկ պայմաններ ստեղծել: Ինձ թվում է, որ մենք բոլորս` Հայաստանի եւ սփյուռքի հայերս, պետք է ապրենք եւ աշխատենք միանման պայմաններում»,- ընդգծել է Հրանուշ Հակոբյանը:

Ինչպես հաղորդել է սփյուռքի հարցերով նախարարը, Նախարարությունն արդեն մշակում է «Մեծարման օրեր» ծրագիրը, որի համաձայն ամեն տարի մենք անցկացնելու ենք սփյուռքի մտավորականության երեք հայտնի ներկայացուցիչների մեծարման օրեր: «2009թ. ծրագրվում է անցկացնել Շառլ Ազնավուրի, Քըրք Քըրքորյանի եւ Ալեք Մանուկյանի մեծարման օրերը: Եթե ծրագիրը հաջողվի, ապա այն շարունակություն կունենա, եւ արդեն 2010թ. մենք ամեն ամիսը սփյուռքի հայտնի ներկայացուցիչներից մեկին կնվիրենք: Մեր ամենահիմնական սխալներից մեկն այն է, որ մենք վատ ենք ճանաչում մեր սփյուռքը, իսկ սփյուռքը` մեզ: Մենք պետք է այնքան մերձենանք, որպեսզի Հայաստանում չլինի այնպիսի մի մարդ, որը չիմանա, թե ով է Ալեք Մանուկյանը»,- ամփոփել է նախարարը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ