17 դեկտեմբերի 2008 - 18:37 AMT
Այսուհետ Մեծ Բրիտանիայում աշխատանք կկարողանան ստանալ միայն այն մարդիկ, որոնց ծառայությունների կարիքը երկիրն ունի
Ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ից սկսեցին գործել Միացյալ թագավորություն ներգաղթին վերաբերող Միավորների համակարգի (Points based system) 2-րդ եւ 5-րդ փուլերը: Այս փուլերը փոխարինում են աշխատանքի թույլտվության (work permit) նախկինում գործող համակարգը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում, փուլ 2-ի խնդիրն է ապահովել, որ միայն այն աշխատողները, ում կարիքն ունի Մեծ Բրիտանիան, կարողանան ժամանել ՄԹ: «Փուլ 2-ով անցնելու համար բարձր որակավորում ունեցող աշխատողները պետք է իմանան անգլերեն, ունենան տարեկան 24 000 ֆունտ ստեռլինգից ավել ակնկալվող աշխատավարձ կամ պատշաճ որակավորում, ինչպես նաեւ բավականաչափ գումար, որպեսզի ապահովեն իրենց առաջին ամսվա ընթացքում»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ: Ըստ Փուլ 2-ի, նախքան եվրոպական տնտեսական տարածքից դուրս աշխատողի ընդունելը, բրիտանական ընկերությունները պետք է անցնեն Մշտական բնակություն ունեցողների աշխատանքի շուկայի թեստ եւ ապացուցեն, որ չեն կարող թափուր տեղերը լրացնել ՄԹ բնակություն ունեցող աշխատողով:

Փուլ 5-ը վերաբերում է նրանց, ովքեր ժամանակավորապես գտնվում են Միացյալ թագավորություն ոչ տնտեսական նպատակներով, ինչպեն օրինակ սպորտի, մշակույթի եւ բարեգործության բնագավառների աշխատողները: Մեծ Բրիտանիայում համերգներին կամ փառատոններին մասնակցելու համար ժամանողները մուտք կգործեն այցելությունների վիզայի կանոններով:

«ՄԹ-ում որպես ուսանող կամ ամուսնության հիման վրա բնակության իրավունք ստացած եվրոպական տնտեսական տարածքից դուրս երկրների քաղաքացիներին նոյեմբերի 27-ից սկսած կտրամադրվի անձը հաստատող քարտ, որի վրա զետեղված կլինի լուսանկար եւ մատնահետքեր: Անձը հաստատող քարտերը պարտադիր են եւ ապացուցում են անձի ազգային պատկանելիությունը եւ ՄԹ-ում նրա կարգավիճակը: Այն հաստատում է քարտատիրոջ աշխատելու իրավունքը եւ սահմանում ծառայությունները, որոնցից նա կարող է օգտվել: Այս քարտը կփոխարինի նախկինում անձնագրին փակցվող փաստաթուղթը»,- նշվում է հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ անձինք, ովքեր կդիմեն այլ կատեգորիաներով բնակության իրավունք ստանալու համար, առայժմ կշարունակեն ստանալ փակցվող փաստաթուղթը: