Բիզնեսին մինչև 500 մլն դրամ վարկերը կարող են սուբսիդավորվել, համաֆինանսավորվել կամ վերաֆինանսավորվել

Բիզնեսին մինչև 500 մլն դրամ վարկերը կարող են սուբսիդավորվել, համաֆինանսավորվել կամ վերաֆինանսավորվել

PanARMENIAN.Net - Կառավարությունն աջակցություն կտրամադրի գործող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք գործում են վերջին 12 ամսվա ընթացքում՝ անկախ գործունեության ոլորտից՝ բացառությամբ բանկերի, վարկային, ֆինանսական կազմակերպությունների, խաղային բիզնեսի:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բարվոք վարկային պատմություն ունենալու պարագայում ՀՀ-ում գործող ընկերությունները կկարողանան վարկային միջոցներ ստանալ:

«Երբ ֆինանսական համակարգը որոշում է, որ այդ կազմակերպությունն իրենց ճիշտ գործընկերն է, գնահատում է այդ կազմակերպության կողմից առաջարկվող գործունեությունը որպես ընդունելի ռիսկերի դաշտում, ապա որոշում է ֆինանսավորման չափը, որն առավելագույնը կարող է լինել 500 մլն դրամ»,- ասել է Խաչատրյանը:

Վարկային միջոցները կարող են տրվել, որպեսզի ընկերությունն իր աշխատողներին աշխատավարձ վճարի (3 ամսվա համար և ոչ ավելի, քան 500,000 դրամը), կատարի հարկային պարտավորությունները, արտադրական հումք ձեռք բերերի, կոմունալ վճարումներ իրականացնի կամ սննդամթերք ներկրի:

Աջակցության երեք տարբերակ է մշակվել:

Կառավարությունը կարող է օժանդակել համաֆինանսավորման միջոցով: Եթե վարկային միջոցներն աշխատավարձ, հարկեր և տուրքեր վճարելու համար են, ապա գործադիրի համաֆինանսավորումը կարող է կազմել վարկի առավելագույն գումարի 50%-ը, հումքի ձեռքբերման նպատակով վերցված վարկը գործադիրը կարող է ֆինանսավորել առավելագույնը 40%-ով, սարքավորումների ձեռքբերման համար՝ 25%, կոմունալ վճարումների համար՝ 45%, սննդամթերքի ներկրման համար համաֆինանսվորումը կարող է կազմել 30%:

Երկրորդ դեպքում կառավարությունը կարող է սուբսիդավորել վարկի տոկոսները: Այս դեպքում ևս սուբսիդավորման չափը կախված է նպատակից, որով վարկավորվող կազմակերպությունը դիմել է վարկի համար: Սուբսիդավորման պարագայում հիմնական պայմանն այն է, որ վարկի կողմից տրամադրվող ռեսուրսների առավելագույն չափը դրամի դեպքում 12% է, արտարժույթի՝ 9%:

Աշխատավարձերի և հարկերի դեպքում կառավարությունը սուբսիդավորում է վարկն ամբողջությամբ, մյուս դեպքերում՝ մեծ մասը:

Աջակցության երրորդ դեպքը նպատակ ունի վերաֆինանսավորման միջոցով առևտրային կազմակերպության արտարժութային ռիսկը փոխանցել կազմակերպությանը:

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ աջակցության այս տարբերակներն իրենց մեջ ներառում են տնտեսական, սոցիալական, պարենային անվտանգության բաղադրիչներ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 272-ը։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը