18 դեկտեմբերի 2008 - 17:32 AMT
Անկարան Բարակ Օբամային կրկին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց
Թուրքական ԱԳՆ պատվիրակությունը` Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էրթուղրուլ Ափաքանի եւ ԱԳ փոխնախարարի օգնական Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորությամբ, մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբամայի եւ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի աշխատակազմի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, Թուրքիայի արտաքին քաղաքան գերատեսչության պատվիրակության մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Օբամայի թիմը ԱՄՆ նորընտիր նախագահին խորհուրդ է տալու «ձեռնպահ մնալ» ապրիլի 24-ի ավանդական ելույթին «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: Թուրքական պատվիրակությունը նաեւ հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ նոր վարչակազմին, որում, մասնավորապես, ասվում է. «Կոնգրեսում 1915թ. իրադարձությունների դիտարկման հարցի բարձրացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններին, այլեւ բացասապես կանդրադառնա Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»:

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Բարակ Օբաման մի անգամ չէ, որ հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: