19 դեկտեմբերի 2008 - 15:36 AMT
Սահակաշվիլին այլեւս չի ունենա Արեւմուտքի նախկին անխոս աջակցությունը
Ներկա պահին Վրաստանի ներքաղաքական կյանքում նկատվում են ընդդիմության համախմբման որոշակի գործընթացներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի գիտական հետազոտությունների բաժնի տնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, երկրի իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն, որոնք արտահայտվում են ինչպես այլ քաղաքական ուժերի հետ փոխհարաբերություններում, այնպես էլ երկրի բնակչության աչքերում: «Դա բնականաբար հանդիսանում է օգոստոսյան դեպքերի եւ Վրաստանի բնակչության աչքերում Սահակաշվիլիի կառավարության ժողովրդականության նվազման արդյունքը: Արտաքին քաղաքական դաշտում հասկանալի է, որ Վրաստանը շարունակելու է հուսալ ԱՄՆ եւ ԵՄ կողմից բազմակողմանի տնտեսական, քաղաքական եւ այլ աջակցություն, բայց ներկայումս Արեւմուտքում տեղի է ունենում օգոստոսյան իրադարձությունների գերագնահատում, եւ գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում` որոշակի մեղմացում Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերություններում: Այդ իսկ պատճառով Սահակաշվիլին այլեւս չի ունենա այն նախկին անխոս աջակցությունը, որը կար մինչեւ օգոստոսյան իրադարձությունները»,- նշել է Մինասյանը:

Նա նաեւ գտնում է, որ այդ հանգամանքից փորձում են օգտվել նաեւ Վրաստանի իշխանության համար պայքարող որոշ քաղաքական առաջնորդներ, մասնավորապես Նինո Բուրջանաձեն եւ, հնարավոր է, նաեւ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրաքլի Ալասանիան: «Թեեւ վերջինս դեռեւս լիարժեք կերպով չի հայտարարել իր մտադրությունների մասին: Ինձ թվում է, որ մոտ ապագայում Վրաստանի զարգացումը թե' ներքին, թե' արտաքին քաղաքականության ոլորտում շատ առումներով կախված կլինի տարածաշրջանի իրադրությունից: Հայ-վրացական հարաբերություններում առանձնապես փոփոխություններ չեն սպասվում, եւ այն դինամիկան, որը գոյություն ունի ներկայումս` ինչպես միջպետական հարաբերություններում, այնպես էլ հասարակության եւ քաղաքական վերնախավի երկխոսության մեջ, կպահպանվի նաեւ հետագայում»,- ընդգծել է հայ փորձագետը: