19 դեկտեմբերի 2008 - 18:03 AMT
Ամեն տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանում է
2008թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել զբոսաշրջիկներ աշխարհի տասնյակ երկրներից: ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, մեծամասնություն են կազմում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Ռուսաստանի, Իրանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները: 2007թ. համեմատությամբ, զբոսաշրջիկների թիվը աճել է 15%-ով: ԼՂՀ այցելողների աշխարհագրության ընդլայնման միտում է նկատվում: Ընթացիկ տարում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղ են այցելել զբոսաշրջիկներ Պակիստանից, Սինգապուրից եւ Սոմալիից:

Բացի էթնիկ հայերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելում բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, մասնավորապես երիտասարդներ: Առավել հաճախակի այցելող վայրերն են պատմա-ճարտարապետական հուշարձանները եւ եկեղեցական համալիրները` Ամարաս (4-19դ.), Դադիվանք (4-13դ.), Գանձասար (13դ.) եւ այլն:

2008թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել մոտավորապես 70 լրագրողներ աշխարհի 25 երկրներից, եւ տասնյակ նկարահանող խմբեր, որոնք հաղորդումներ են պատրաստել ԼՂՀ կենսագործունեության տարբեր բնագավառների մասին: