Կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին տեղորոշելու նախագիծն ընդունվել է

Կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին տեղորոշելու նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ արտահերթ նիստում ընդունել է Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում՝ հեռախոսների միջոցով։

Քվեարկության է դրվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների մասին օրինագծերի փաթեթը։

Նախագծին կողմ է քվեարկել 71 պատգամավոր, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:

Օրենքի նախագիծն ավելի վաղ առաջին ընթերցմամբ ընդունվել էր, երկրորդ ընթերցմամբ մարտի 31-ին՝ տապալվել: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ էր արել ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը: Արդյունքում կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրոական, նախագծերի փաթեթը չի ընդունվել՝ ոչ բավարար ձայների արդյունքում։ Նախագիծն անցկացնելու համար պետք էր առնվազն 67 ձայն:

Մարտի 31-ին Ազգային ժողովը մեկ անգամ ևս առաջին ընթերցմամբ արտահերթ նիստում ընդունել էր Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը:

Փոփոխությունները հնարավորություն են տալու կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։

Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 31 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---